01/22/2025

Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայաստանի եւ Արցախի նախագահներին

Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել  Հայաստանի եւ Արցախի նախագահներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին ուղերձ է հղեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սերժ Սարգսյանի գրասենյակից: Ներկայացնում ենք Ս. Սարգսյանի ուղերձն ամբողջությամբ.

«Մեծարգո՛ նախագահ Սարգսյան,

Մեծարգո՛ նախագահ Սահակյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ ի դեմս Ձեզ՝ մեր բոլոր համաքաղաքացիներին, աշխարհասփյուռ մեր քույրերին ու եղբայրներին Հաղթանակի եւ խաղաղության տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ: Այս օրը երիցս ոսկե տառերով է գրվել հայոց պատմության մեջ: Վստահ եմ, որ հայ ժողովուրդը, շարունակելով իր պատմական երթը, սերնդեսերունդ փոխանցելու է ցնծության եւ հպարտության զգացումը մայիսյան հաղթանակների համար:

Մեր ժողովուրդը հերոսական մասնակցություն ցուցաբերեց եւ մեծ զոհողություններ մատուցեց հանուն հաղթանակի Հայրենական մեծ պատերազմում: Երկրորդ աշխարհամարտի թոհուբոհում ամրապնդվեց հայ-ռուսական եղբայրական զինակցությունը: Խորհրդային Միության ժողովուրդների միասնական բռունցքն ազատագրեց Եվրոպան եւ կոտրեց նացիստական ամբողջատիրության ողնաշարը, որպեսզի այլեւս երբեք որեւէ ժողովուրդ չստորադասվի եւ չենթարկվի համակարգված ոչնչացման:

Հայ ժողովուրդն ինքն անցել էր այդ տառապանքի ուղիներով եւ կրկին դիմակայեց այդ նույն վտանգին նախորդ դարի վերջին տասնամյակում: Ադրբեջանի իշխանությունները որոշել էին մեկընդմիշտ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ բնաջնջելով արցախահայությանը: Ազատամարտի ընթացքում մեր հերոս ժողովուրդը ցուցաբերեց աննկարագրելի միասնականություն, տոկունություն եւ խիզախություն: Այդ պայքարի փառքն ու պսակն էր անառիկ բերդի համարում ունեցող Շուշիի ազատագրումը: Արցախի պաշտպանության բանակը, կոփվելով մարտերում, դարձավ արցախահայության բնօրրանը պաշտպանող ամուր եւ անսասան վահանը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն՝ վստահ լինելով, որ մայիսյան հաղթանակների ոգին, հայ ժողովրդի միասնականությունը, համարձակությունը եւ պատվախնդրությունը ճանապարհ կհարթեն մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրների լուծման համար»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: