01/15/2025

Փաշինյանն անհրաժեշտություն է համարում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցությունը

Փաշինյանն անհրաժեշտություն է համարում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ամենակարեւոր կոմպոնենտը համարում է ճիշտ ձեւաչափով բանակցությունները, որոնց պետք է անպայման մասնակցություն ունենա նաեւ Արցախը: ՀՀ վարչապետը նման հայտարարությամբ հանդես եկավ Արցախում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է հստակ պատասխանենք մի հարցի` ուզո՞ւմ ենք լուծել այս հակամարտությունը, թե՞ չենք ուզում: Եթե միջազգային հանրությունը այդ թվում` Ադրբեջանը, ցանկանում են  լուծել այս հարցը, անտրամաբանական է, որ խնդիրը քննարկվում է մի ֆորմատով, որով չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային այս ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցների մեկը ներգրավված չէ բանակցություններում: Այսինքն, սա էմոցիաների խնդիր չէ, սա պրագմատիկ խնդիր է: Արցախի անունից կարող է խոսել Արցախի իշխանությունը:  Հայաստանը նույնպես հակամարտության կողմ է եւ ինքը լիարժեք կխոսի իր անունից, իսկ Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ հայկական կողմերը միշտ էլ հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու դիրքերից, սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս ռազմատենչ հռետորաբանությամբ: «Ես կարծում եմ, որ եւ Ադրբեջանը, եւ միջազգային հանրությունը պետք է հստակ արձանագրեն, որ Հայաստանն ու Արցախը Ադրբեջանի ռազմաշունչ հռետորիկայի առաջ չեն ընկրկի, առավել եւս հիմա, երբ մեր ժողովուրդն ու ազգը միասնական է առավել քան երբեւէ:

Փաշինյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ Արցախը պետք է լինի հակամարտության կարգավորման բանակցությունների մաս` շեշտելով, որ ինքը պատրաստ է անցկացել Հայաստանի անունից, իսկ Արցախի անունից պետք է խոսեն Արցախի իշխանությունները:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: