05/28/2022

Արդյո՞ք Վահե մարզպետի գործունեությունը քաջալերվում է Արցախից (Նամակ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին)

Արդյո՞ք Վահե մարզպետի գործունեությունը քաջալերվում է Արցախից (Նամակ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին)

Մեծարգո նախագահ

Խոսակցությունը, որ համարձակվում եմ վարել Ձեզ հետ հրապարակավ, հրամայական պահանջ է դարձել Սյունիքում, եւ հատկապես այս օրերին:

Բուն ասելիքս շարադրելուց առաջ հարկ եմ համարում շեշտել այն համակրանքն ու հիացմունքը, որ առկա են Սյունիքում Ձեր՝ ազգային ու պետական գործչիդ հանդեպ:

Ինքս էլ ուրախ եմ, որ անձամբ ծանոթ եմ Ձերդ գերազանցության հետ:

Մինչեւ հիմա տպավորված եմ 2016թ. հոկտեմբերի 29-ին Թալիշում Ձեզ հետ ունեցած հանդիպումով: Մենք մասնակցում էինք ապրիլյան իրադարձությունների ժամանակ նահատակված սյունեցիների հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը: Հետո Դուք վրանային լսարանում ելույթ ունեցաք՝ հռչակելով սահմանագլուխ Թալիշի վերականգնման ծրագիր: Ես, որ բանի աշխարհի մարդ եմ ինձ համարում ու գիտեմ բառի, նախադասության արժեքն ու կարեւորությունը, ոգեշնչվել, ուժեղացել էի այդ խոսքից. նման զգացողություն նկատեցի մյուս ներկաների մոտ նույնպես:

Այդ օրվա վերջին պատահաբար Ձեզ տեսա Նոր Մարաղա գյուղում՝ բնակիչների հետ անկաշկանդ, առանց թիկնազորի, հավասարը հավասարի հետ սկզբունքով զրուցելիս. այդ մասին պատմել եմ իմ բանավոր եւ գրավոր զրույցներում:

Այս տարվա մարտի 1-ին էլ, հանգամանքների բերումով, Կարմիր շուկա գյուղում էի: Տեսա, թե Ստեփանակերտ-Հադրութ՝ երբեմնի դժվարանցանելի մայրուղին ինչպես է դարձել ժամանակակից ավտոխճուղի, ինչը հավելյալ վկայություն է Արցախում իշխող ստեղծագործ մթնոլորտի:

Մինչ այդ էլ՝ քանիցս ու պարբերաբար, մեր թերթի ստեղծագործական խումբը, Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչության թույլտվությամբ, եղել է արցախա-ադրբեջանական շփման գծում եւ ականատես դարձել հիմնարար այն փոփոխություններին, որ հատկապես վերջին շրջանում կատարվել ու կատարվում է առաջնագծում:

Այդ ամենի պրիզմայով, Ձեր կերպարի ու Ձեր երկրաշեն արարմունքների միջոցով տեսնում ենք Արցախի հպարտ հանրապետությունը, որ յուրաքանչյուր հայի համար սրբասուրբ երկրամաս է, հայոց արժանապատվության խորհրդանիշ:

Չեմ թաքցնում՝ նորօրյա Արցախի մասին մեր ընկալումների ձեւավորման վրա անզուգական ազդեցություն ունի նաեւ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Վերջին տարիներին՝ անձնական եւ անանձնական կյանքի դժվարին պահերին, երբ հարկ է եղել անկեղծանալ Աստծո սպասավորներից մեկի հետ՝ Պարգեւ արքեպիսկոպոսի դուռն ենք բախել, եւ հավատի առավել հաստատուն պաշարով, առավել լավատեսությամբ բաժանվել նրանից:

Ահա այդպես ենք ընկալել եւ ընկալում Հայոց Արցախը:

Գումարած պատմական իրողությունը, որ Սյունիքն ու Արցախը մեկ ամբողջություն են եղել դարեր շարունակ (եւ ոչ միայն աշխարհագրորեն), միմյանց նեցուկ կանգնել, առաջինն իրար օգնության ձեռք մեկնել, երբ դրա կարիքն է առաջացել...

Եվ այդ ամենի համապատկերի վրա մերօրյա Սյունիքում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ցավ են պատճառում արժանապատիվ ամեն մի սյունեցու, որոնք Սյունիք-Արցախ մաքրամաքուր առնչություններում տարակույսների ճաքեր են առաջացնում:

2014թ. օգոստոսից Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության հսկայի՝ «Զանգեզուրի պղնձամոլբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կառավարումը հանձնվեց Վահե Հակոբյանի գլխավորած մի խմբի, որն ամիսներ անց եւ հիմա արժանացավ ավազակախումբ հորջորջումին:

2016թ. հոկտեմբերին այդ խմբին հանձնվեց նաեւ Սյունիքի մարզի կառավարումը:

Այն, ինչ-որ դրանից հետո կատարեց Վահե Հակոբյանը Սյունիքում, համեմատելի է միայն սելջուկների, օսմանցիների կողմից մեր երկրամասում կատարածների հետ:

Նրա չարագործությունների մասին տասնյակ դիմումներ ուղղվեցին Հայաստանի Հանրապետության վարիչներին, մոտ հարյուր թերթային հրապարակում եղավ, բայց դրանցից եւ ոչ մեկը Երեւանում քննարկման առարկա չդարձավ:

Ու այդ ընթացքում միշտ էլ, որքան էլ ցավալի ու տարօրինակ է, Սյունիքում շրջանառվել է խոսակցությունը, թե իբր Վահե Հակոբյանը հովանավորվում ու քաջալերվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանավորների կողմից:

Դա, կրկնում ենք, ցավով ենք ընդունել, նաեւ զարմանքով, բայց (անկեղծ լինեմ) միշտ չէ, որ հավաստի է թվացել: Ավելի ճիշտ՝ ինքներս փորձել ենք համոզել մեզ, որ նման բան լինել չի կարող:

Վերջին օրերին, սակայն, հայտնի իրադարձություններին համահունչ, ոչ միայն թեժացել են այդ խոսակցությունները, այլեւ նոր դրսեւորումներ ունեցել:

Նախ՝ հազարավոր սյունեցիներ ապշած են, որ ս.թ. մայիսի 8-9-ի արցախյան տոնախմբություններին մասնակցելու համար պաշտոնական Ստեփանակերտն Արցախի Հանրապետություն է հրավիրել Վահե Հակոբյանին եւ Մհեր Պոլոսկովին, ովքեր վաղուց սովորական հրոսակի համբավ ունեն մեզանում, ովքեր տրորել եւ շարունակում են տրորել Սյունիքի արժանապատվությունը:

Շուշիի եւ առհասարակ Արցախի ազատագրումը խորհրդանշող այդ տոնին Վահե Հակոբյանին մասնակից դարձնելն անընդունելի է նաեւ այն պատճառով, որ մեր երկրամասում գտնվելու մոտ չորս տարվա ընթացքում քանիցս նա անամոթաբար ծաղրել է Արցախյան ազատամատի սյունեցի մասնակիցներին, կասկածի տակ առել Արցախյան հերոսամարտում սյունեցիների արժանապատիվ մասնակցությունը, որ մյուռոնված է 500 ազատամարտիկ-նահատակի արյամբ:

Ուզում եմ Ձեզ տեղյակ պահել, որ 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում թեւածած քաղաքացիական ազնիվ շարժումը Սյունիքում յուրահատուկ դրսեւորումներ ունեցավ:

Գրեթե բոլոր ցույցերում ու հանրահավաքներում (Մեղրիում, Կապանում, Գորիսում, Սիսիանում, նույնիսկ Քաջարանում) հնչում էին կոչեր՝ պահանջելով մարզպետի անհապաղ հեռացումը Սյունիքից:

Եվ այդ ամենից հետո, Վահե Հակոբյանի ստեփանակերտյան վերոնշյալ այցից հետո, Սյունիքի մարզպետարանը (ոչ առանց մարզպետի գիտության) ամենատարբեր խողովակներով լուրեր է շաղ տալիս, թե իբր Արցախի Հանրապետության ղեկավարությունը թույլ չի տա Վահեի հրաժարականը, իսկ հակառակ պարագայում կաջակցի նրան՝ զբաղեցնելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի պաշտոնը:

Հանրային մերժումի եւ ատելության արժանացած Վահե Հակոբյանն այս օրերին նաեւ աներեւակայելի քայլերի է դիմում՝ դարձյալ շահարկելով Արցախի իշխանությունների անունը:

Ազգային զարթոնքի այս օրերին ակտիվ պայքարի էին ելել Քաջարանի կոմբինատի բեռնատարների տեղացի վարորդները: Նրանք մեղադրում էին եւ են մարզպետին այն հարցում, որ իր սեփական 36 բեռնատարով (յուրաքանչյուրը՝ 30 տոննա բեռնատարողությամբ) փոխադրում են Քաջարանի կոմբինատի խտանյութի մեծագույն մասը՝ տեղացի վարորդներին մատնելով անգործության:

Որքան էլ զարմանալի է, մարզպետը, ինքնապաշտպանվելու համար, վարորդներին ասել եւ ասում է (այդ մասին մեզ պատմեցին խմբագրություն այցելած վարորդները), որ բեռնատարները միայն իրենը չեն, այլ նաեւ Ղարաբաղի ղեկավարներինը, Վլադիմիր Գասպարյան այլեւս նախկին ոստիկանապետինը եւ մեկ այլ անձնավորության, ով ընդգրկված է Հայաստանի նոր ղեկավարության կազմի մեջ:

Գարնանը նա Սյունիքի գյուղացիներից գումար էր հավաքել՝ ազոտական պարարտանյութ ձեռք բերելու համար: Եվ ժամանակին այդ միջոցներով ձեռք է բերվել 1400 տոննա պարարտանյութ, բայց չի բաժանվել գյուղացիներին, նաեւ հավաքած գումարը չի վերադարձվել, քանի դեռ մեր թերթը չէր ահազանգել: Եվ մարզպետարանը կրկին (ոչ առանց մարզպետի գիտության) շահարկեց Ղարաբաղի անունը՝ իբր հազար տոննա պարարտանյութն ուղարկվել է այդտեղ՝ երկրագործությամբ զբաղվող հայտնի բարձրաստիճանին:

Երբ Կապանի «Վայբլը» խլում էին օրինական տիրոջից (կիր արտադրող ձեռնարկություն է) եւ հանձնում հայտնի կուսակցության «հայրենասեր» գործիչներին, Վահե Հակոբյանը վերստին շահարկեց Ղարաբաղի անունը, իբր այդտեղից են պահանջել սեփականատիրոջ փոփոխություն, այլապես թույլ չեն տա հումքը ներկրել Արցախի տարածքից:

Երբ նրան հարցնում էին, թե ինչպես ես Քաջարանի լեռնագործների հաշվին ազատագրված տարածքներում սեփական ձեռնարկություն հիմնել, վերստին շահարկում էր Արցախի իշխանավորների անունը, թե՝ իմը չէ, նրանցն է...

Նորից հավաստում ենք՝ Սյունիքում հատուկենտ են մարդիկ, ովքեր լուրջ են վերաբերվում մարզպետի աթոռը զբաղեցնող անձնավորության նմանատիպ շառլատանությանը: Այդ ամենը մեր կողմերում ավելի շատ գնահատվում է իբրեւ հոգեվարք ապրող մարդու, հոգեկան հավասարակշռությունը կորցրած չինովնիկի սովորական տվայտանք:

Եվ քիչ տրամաբանական ենք համարում, որ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց թույլ կտան այդկերպ միջամտել Հայաստանի Հանրապետության որեւէ մարզի գործերին:

Մյուս կողմից, սակայն, մեզ զարմացնում է հանդուրժումի հեքիաթային իրողությունը, որ առկա է հայաստանյան բարձրաստիճան այդ պաշտոնյայի արգահատելի արարքների հանդեպ:  Ի վերջո գործ ունենք Արցախի Հանրապետության փառավոր անունը տեղի-անտեղի շահարկելու հանգամանքի հետ, որը, կրկնում եմ, նաեւ տարակույսների տեղիք է տալիս:

Շատերի կարծիքն եմ հայտնում՝ Վահե Հակոբյանի չարագործությունների, կամայականությունների, օրինազանցությունների եւ Արցախի Հանրապետության որոշ պաշտոնյաների միջեւ առկա առնչությունների ջրբաժանը հստակեցնելու պետք ունի:

Եվ դա անհրաժեշտ է անել հրապարակավ, քանզի առնվազն սյունիքյան լսարանում այդ հարցը մտահոգում է մարդկանց, որովհետեւ դա ուղղակիորեն առնչվում է մեր երկրամասի զարգացմանը:

Վերջում՝ Ձեր ըմբռնումն եմ ակնկալում եւ ներողամտություն հայցում՝ Ձեր ուշադրությունը նման մանրուքների վրա հրավիրելու, Ձեր ծանրաբեռ ու բազմազբաղ առօրյայից ժամանակ խլելու համար, թեեւ բարձրացված հարցերն ամենեւին էլ մանրուք չեն Սյունիքում ապրողներիս համար, թեեւ լռությունն ու անտարբերությունը չեն ստեղծված իրավիճակից դուրս գալու այլընտրանքը: Մանավանդ որ հայոց մեջ շարունակում է իշխել տեսակետը, որ պատմության բոլոր հանգրվաններում Սյունիքը (նաեւ մեր բազում մեծերի գնահատմամբ) եղել ու մնում է հայոց պետականության եւ ինքնիշխանության վեմ քարը:

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

14 մայիսի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: