01/22/2025

ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Նախիջեւանի կողմից հայ-ադրբեջանական սահմանը հատած Բանգլադեշի քաղաքացիների վերաբերյալ

ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Նախիջեւանի կողմից հայ-ադրբեջանական սահմանը հատած Բանգլադեշի քաղաքացիների վերաբերյալ

2018թ. մայիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից  հաղորդագրություն էր տարածվել, որ հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել են Բանգլադեշի 6 քաղաքացիներ, ովքեր հանձնվել են  Ազգային անվտանգության ծառայությանը:       

ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2018 թվականի մայիսի 8-ին` կեսգիշերն անց, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության 6 քաղաքացիներ ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքի հարակից հատվածով հատել են հայ-ադրբեջանական (Նախիջեւան) սահմանը,  որից հետո բռնվել են հերթապահություն իրականացնող ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից:     

Նշված անձինք ցուցմունքներ տալով հայտարարել են, որ աշխատանք գտնելու նպատակով մտադիր են եղել Իրանի տարածքով անցնել Թուրքիա, սակայն մոլորվելով  պատահաբար հայտնվել են Հայաստանում:      

Բանգլադեշի 6 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի («մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը») հատկանիշներով, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:      

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ՝ անձանց ինքնությունը պարզելու, ցուցմունքների արժանահավատությունը, սահմանահատման իրական դրդապատճառները, ինչպես նաեւ  ծայրահեղական եւ ահաբեկչական խմբավորումներին նրանց առնչությունը ստուգելու ուղղությամբ:      

Կատարվում է նախաքննություն:  (Տեսանյութ)
   

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

14.05.2018

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: