01/22/2025

ԱՆ-ում քննարկում են դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգը հետաձգելու հարցը

ԱՆ-ում քննարկում են դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգը հետաձգելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվում է դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգի ներդրման 1 տարով հետաձգման հարցը, որպեսզի այդ ընթացքում շտկվեն բոլոր բարձրաձայնված թերությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուքում տեղեկացրել է առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը:

«Եթե կառավարությունը հավանություն տա մեր այդ նախաձեռնությունը, ապա կդիմենք բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկների եւ քննարկումների համար, որպեսզի հաշվի առնվեն բոլոր մտահոգությունները եւ ի վերջո մենք ունենանք մի համակարգ, որը հնարավորություն կտա խուսափել դեղերի անհարկի եւ սխալ ընդունումից, բայց միեւնույն ժամանակ խոչընդոտ չի հանդիսանա բժշկական ծառայություններից օգտվելու համար»,-գրել է նախարարը, հավելելով, որ զարգացումների մասին կտեղեկացնի լրացուցիչ:

Փետրվարի 28-ից ուժի մեջ էր մտել կառավարության 1402-Ն որոշումը, որով սահմանվում են դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, ինչպես նաեւ դեղեր բացթողելու կարգը։ Մարտի 1-ից դեղերի մի մասը հնարավոր է գնել առանց դեղատոմսի, մյուս մասը՝ դեղատոմսերով։ Այս որոշումը հարուցել էր մասնագետների եւ հասարակ քաղաքացիների դժգոհությունը:

Այդ ամենը հաշվի առնելով կառավարության մարտի 6-ին որոշում ընդունեց կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու եւ ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը,  իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող եւ անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող եւ հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր,  hակամիկոբակտերիային դեղեր,  hակավիրուսային դեղեր,  իմունային շիճուկներ եւ իմունոգլոբուլիններ,  պատվաստանյութեր) դեղերի:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: