01/22/2025

Մհեր Պոլոսկովի խելացնոր նախաձեռնությունը. փոխվում է Ողջի գետի հունը. գիտի՞ այդ մասին բնապահպանության նախարարությունը

Մհեր Պոլոսկովի խելացնոր նախաձեռնությունը. փոխվում է Ողջի գետի հունը. գիտի՞ այդ մասին բնապահպանության նախարարությունը

Քաջարանում կատարվում են իրադարձություններ, որոնց դժվարությամբ կարելի է հավատալ անգամ աչքով տեսնելուց հետո:

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության տնօրեն Մհեր Պոլոսկովը ձեռնամուխ է եղել Ողջի գետի հունը մասնակիորեն (մասամբ) փոխելու ծրագրի իրագործմանը:

Քաջարան գյուղի եւ Քաջարան քաղաքի միջնամասում՝ կոմբինատի հրշեջ ծառայությունից դեպի արեւմուտք ընկած հատվածում, Ողջի գետը մտցվում է խողովակաշարի մեջ, տեղափոխվում դեպի հյուսիս:

Ողջին մոտ 100 մ չափով նշված տարածքում արդեն իսկ կհոսի ոչ իր բնական հունով՝ խախտելով առանց այդ էլ խախտված բնապահպանական հավասարակշռությունը Քաջարանում:

Գետը խողովակաշար մտցնելու եւ հունը տեղափոխելու խելահեղությունը շարունակվում է: Թե եւս քանի մետր գետը կհոսի խողովակաշարով ու ոչ իր հունով, դժվար է հիմա ասել:

Հանքարդյունաբերության տեղացի մասնագետները մեզ համոզում են, որ դա քաջարանյան ընդերքի հոշոտմանը նոր թափ հաղորդելուն միտված անաղմուկ քայլ է, քանի որ այդ հատվածում մոլիբդենի հանքանյութի հարուստ երակ կա, իսկ Ողջին սահման է գործող (թույլատրված) հանքավայրի համար:

Քաջարանի համայնքային իշխանությունը, բնականաբար, չի կարող խոչընդոտել այդ կամայականությանը:

Բնապահպանության նախարարության՝ այդ գործառույթը վերահսկող սյունիքյան կառույցն (իր ղեկավարով) մահացած է վաղուց եւ չի կարող չափ դնել Մհեր Պոլոսկովի կամայականություների ու ախորժակի վրա:

Իսկ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը գիտի՞, թե ինչ է կատարվում Ողջի գետի հետ:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: