01/15/2025

Երկու օր է, ինչ կանգ է առել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը

Երկու օր է, ինչ կանգ է առել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը

Մայիսի 15-ին «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերությունում սկսած գործադուլը շարունակվեց նաեւ այսօր:

Ստեղծված իրավիճակի մասին քիչ առաջ «Սյունյաց երկրին» հաղորդեցին հետեւյալ տեղեկատվությունը. «Երեկ «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերության ղեկավարությունն աշխատում էր բնականոն հունով: Մենք բարձրացանք եւ հանդիպեցինք հանքի ու տեխնոլոգիական տրանսպորտի, հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատողների հետ՝ փոխանցելով, որ որոշել ենք բոլորի աշխատավարձը հինգ տոկոսով բարձրացնել: Եվ գների բարձրացմանը զուգընթաց կփորձենք շարունակել աշխատավարձերի բարձրացման գործընթացը: Ներկա դրությամբ ցանկանում ենք հինգ տոկոսով բարձրացնել բոլորի աշխատավարձը: Հանքագործները սխալ համարեցին մեր առաջարկը եւ ասացին՝ դա մեզ ձեռք չի տալիս եւ դադարեցրին աշխատանքը: 

Դրանից հետո մեր պատրաստակամությունը հայտնեցինք քննարկելու նրանց առաջարկները: Նաեւ խորհուրդ տվեցինք, որ  յուրաքանչյուր արտադրամասից ներկայացնեն առաջարկություններ, քանզի մեկն աշխատավարձի 40 տոկոս բարձրացում է պահանջում, մյուսը՝ 50 տոկոս: 

Այսօր ամբողջ օրն աշխատանքային հանդիպումները շարունակվել են: Մեր ընդհանուր առաջարկած կոնցեպցիան հետեւյալն է՝ սոցիալապես առավել անապահով աշխատողներին, ում աշխատավարձը 100 հազար դրամից ցածր է, 30 տոկոս աշխատավարձի բարձրացում, դրանից հետո ինքը կստանա նաեւ պարգեւավճար, ինչը նշանակում է՝ 35-36 տոկոսով ավելի գումար, քան ներկայումս: 100-150 հազար դրամ ստացողների համար առաջարկել ենք 15 տոկոս բարձրացում: 150 ու ավելի ստացողների համար՝ 10 տոկոս բարձրացում: Այսինքն՝ մինչեւ 100 հազար ստացողներին՝ 30 տոկոս, 100-150 հազար ստացողներին՝ 15 տոկոս, 150 եւ ավելի բարձր ստացողներին՝ 10 տոկոս: Մենք մեր առաջարկներն արել ենք, սպասում ենք լեռնագործների արձագանքին: Առայժմ պաշտոնապես որեւէ պատասխան չենք ստացել, իսկ ներկա դրությամբ էլ չենք աշխատում: Ավելացնեմ՝ մարդիկ համատարած 30 տոկոսով բարձրացում են պահանջում, երեկ նույնիսկ 50 տոկոսի մասին էին ոմանք դիմում գրել: Ներկա դրությամբ ղեկավարության առաջարկը դա է, սպասում ենք մարդկանց արձագանքին»:

«Սյունյաց երկիր»
 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: