08/11/2020

Սյունիքում չկա «Զանգեզուր TV», կա «Սոսի» հեռուստաընկերություն, որը զավթել ու անվանափոխել է Վահե Հակոբյանը՝ իր տիկնոջ՝ Էլիզաբեթի հետ (Նամակ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին)

Սյունիքում չկա «Զանգեզուր TV», կա «Սոսի» հեռուստաընկերություն, որը զավթել ու անվանափոխել է Վահե Հակոբյանը՝ իր տիկնոջ՝ Էլիզաբեթի հետ (Նամակ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին)

Հարգելի պարոն Բունիաթյան

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն 2011 թվականին անցկացված մրցույթում (Սյունիքի մարզում) հաղթող է ճանաչվել եւ հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզիա ստացել «Սոսի» հեռուստածրագիրը (հիմնադիր՝ «Ձագեձոր» ՍՊԸ): 

Լիցենզիան տրվել է տասը տարով, ասել է թե՝ ուժի մեջ է մինչեւ 2021 թվականը:

Սակայն, որքան էլ տարօրինակ է, մի քանի ամիս առաջ, «Սոսի» հեռուստածրագրի փոխարեն եթեր է հեռարձակվում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի եւ նրա տիկնոջ՝ Էլիզաբեթի, ընտանեկան «Զանգեզուր TV» հեռուստածրագիրը:

Այդ հարցը, որի վերաբերյալ մինչեւ հիմա որեւէ բացատրություն չի տրվել, ամիսներ շարունակ եղել ու մնում է քննարկման առարկա Սյունիքում:

Ուզում ենք Ձեր օգնությամբ պարզել՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել:

Տեսականորեն չենք բացառում, որ «Սոսիի» հիմնադիր «Ձագեձոր» ՍՊ ընկերության սեփականության իրավունքն անցել է Վահեին ու Էլիզաբեթին կամ նրանց դրածոներից մեկին:

Ենթադրում ենք, որ հենց այդպես էլ կլինի Ձեր պաշտոնական պատասխանը: Սակայն դա այլ հարց է, եւ մենք կփորձենք պարզել, թե ինչպես է, այնուամենայնիվ, սեփականատիրոջ փոփոխություն կատարվել «Սոսիի» հիմնադիր կազմակերպությունում: Առաջ անցնելով ասենք, որ, ըստ Սյունիքում շրջանառվող խոսակցությունների, «Սոսիի» հիմնադիր ընկերությունը բռնազավթվել է օրինական տիրոջից, ինչը Դուք, մեղմ ասած, «չեք նկատել» կամ նկատել ու կարեւորություն չեք տվել:

Բայց Ձեզ հետ կապված այլ հարցեր ունենք:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը սահմանում է (հոդված 46, 2-րդ կետ), որ «Հեռուստառադիոծրագրերի եթերային հեռարձակման լիցենզիան տրվում է մրցութային կարգով՝ թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակելու համար հայտարարվող հեռուստաընկերությունների մրցույթից հետո…»:

«Զանգեզուր TV»-ն 2011-ին չի մասնակցել հեռուստաընկերությունների մրցույթին՝ հետեւաբար՝ եթերային հեռարձակման լիցենզիա չունի եւ չի կարող ներկայումս ունենալ:

Իսկ «Լիցենզիան միակ օրինական հիմքն է, որ թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել հեռուստառադիոծրագրերի հեռարձակում…» (վերը նշված օրենքի հոդված 46-ի 1-ին կետ):

Եվ ուրեմն՝ ինչպե՞ս հասկանալ իրողությունը, որ  «Զանգեզուր TV»-ին հեռարձակվում է Սյունիքում, այն էլ՝ «Սոսիի» փոխարեն:

Մենք տեղյակ ենք, որ թվային հեռարձակման միջոցով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում եւ Երեւան քաղաքում հեռարձակում է իրականացնում ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող մեկական տարածքային սփռման մասնավոր հեռուստաընկերություն:

Մի պահ անտեսենք իրականությունը եւ ենթադրենք, որ Վահեն ու Էլիզաբեթն օրինական ճանապարհով են տիրացել «Ձագեձոր» ընկերությանը:

Այդ դեպքում… Արդյո՞ք գործող օրենքը հնարավորություն է տալիս, որ այդ ընկերությունը եթերային հեռարձակում իրականացնի «Զանգեզուր TV» ծրագրով:

Պարզագույն ճշմարտություններ են ֆիքսված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում, որն ակնհայտորեն անտեսվել է այս դեպքում:

Տեսեք՝ «Զագեձորը» մրցույթի է ներկայացել «Սոսի» հեռուստածրագրի թեմատիկ ուղղվածությամբ, սեփական արտադրության հաղորդումների, հայրենական արտադրության հաղորդումների գերակայության երաշխիքներով ու ծրագրով: Եվ «Ձագեձորը» մրցույթում հաղթող է ճանաչվել հենց «Սոսիի» ներկայացրած ծրագրի համար: 

Հենց այդ ծրագրի համար էլ տրվել է լիցենզիա:

Մինչդեռ այլ բան է ստացվում. «Ձագեձորին» տրվել է լիցենզիա՝ «Սոսի» հեռուստածրագիրը եթեր հեռարձակելու համար, իսկ եթեր է սփռվում «Զանգեզուր TV»-ի ծրագիրը, որը չի ներկայացվել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով, որը չի մասնակցել մրցույթի, որը լիցենզիա չի ստացել, որը հեռարձակվում է միայն այն պատճառով, որ Վահեն ունի հովանավորներ եւ Էլիզաբեթ կին-տանիք, ինչպես եւ Քաջարանի կոմբինատ ստնտու…

Մի քանի կարեւոր հիշեցում ենք ուզում անել:

Նախ՝ «… թվային հեռարձակման ցանցը Հայաստանի Հանրապետության սեփականություն է» (վերը նշված օրենքի հոդված 47-ի 2-րդ կետ):

Եվ փաստորեն Հայաստանի Հանրապետության սեփականությունն այս դեպքում տնօրինվել է քմահաճորեն:

Երկրորդ՝ իրականում տեղի է ունեցել լիցենզիայի զիջում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձի, որը լիցենզիայի գործողության դադարեցման հիմք է (նշված օրենքի հոդված 61-ի 5-րդ կետ):

Երրորդ՝ հայտնաբերվել է կեղծ կամ խեղաթյուրված հանգամանք՝ լիցենզիան օգտագործելու համար էական նշանակություն ունեցող:

Վերեւում արդեն նշեցինք, թե որն է կեղծ կամ խեղաթյուրված հանգամանքը:

Պարզված չէ, թե ինչպես է փոխվել «Սոսիի» հիմնադիր «Ձագեձորի» սեփականատերը: Իսկ մենք պնդում ենք՝ Սյունիքում շրջանառվում է տեսակետը, որ Վահեն ու Էլիզաբեթն այդ ընկերությունը զավթել են օրինական տիրոջից, հանգամանք, որը չի ուսումնասիրել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը:

Եվ ի՞նչ ունենք այդ ամենի հետեւանքով:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, նրա նախագահ Գագիկ Բունիաթյանի ակնհայտ թողտվությամբ Սյունիքի մարզը զրկվել է թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային մեկ հեռուստաընկերություն ունենալու հնարավորությունից, որի իրավունքն ուներ եւ ունի մարզը՝ համաձայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի հոդված 47-ի 7-րդ կետի:

Սյունիքի մարզի բնակչությանն է հրամցվում ինչ-որ «Զանգեզուր TV»-ի ծրագիր, որը, իրավական որեւէ հիմք չունենալուց զատ, քիչ աղերս ունի տարածքի բնակչության իրական հետաքրքրությունների հետ, ինչը նույնպես կարեւոր պայման է՝ սահմանված օրենքով: 

«Զանգեզուր TV»-ին ապօրինաբար եթեր մտնելու առաջին իսկ օրվանից սպասարկում է բացառապես Վահե-Էլիզաբեթ զույգի ընտանեկան շահը, ինչը կապ չունի ո՛չ Սյունիքի, ո՛չ Հայաստանի Հանրապետության շահերի հետ:

Ստեղծված իրավիճակն ունի պարզագույն եւ անսակարկելի ելք՝ ա)Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ծառայողական հետաքննություն է սկսում՝ պարզելու, թե ինչպես են Վահե Հակոբյանն ու Էլիզաբեթը տիրացել Սյունիքի մարզային «Սոսի» հեռուստատեսությանը, բ)անհապաղ դադարեցվում է «Զանգեզուր TV» չլիցենզավորված ծրագրի եթերային հեռարձակումը, գ)Սյունիքի մարզում վերականգնվում է գործող օրենսդրությամբ անցկացված մրցույթում հաղթող ճանաչված «Սոսի» հեռուստածրագրի հեռարձակումը: 

Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը պետք է քննություն նախաձեռնի՝ պարզելու, թե ինչպես են Վահեն ու Էլիզաբեթը (կամ նրանց դրածոներից մեկը) դարձել «Ձագեձոր» ՍՊ ընկերության սեփականատեր:

Հարգելի պարոն Բունիաթյան

Ահա այն, ինչ որ կամեցա Ձեզ ասել հրապարակավ՝ ակնկալելով կոնկրետ քայլեր Սյունիքում մարզային եւ օրինական հեռուստահաղորդումը վերականգնելու գործում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

17 մայիսի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: