01/22/2025

ՊԵԿ նախագահ նշանակվեց Դավիթ Անանյանը

ՊԵԿ նախագահ նշանակվեց Դավիթ Անանյանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից: Կառավարության մեկ այլ որոշմամբ ՊԵԿ նախագահ նշանակվեց Ֆինանսների արդեն նախկին փոխնախարար Դավիթ Անանյանը:

«Պարոն Հարությունյանը երեկ մեզ հանդիպման ընթացքում հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին: Փոխադարձ համաձայնությամբ որոշել ենք, որ այսօր այդ որոշումը կկայացվի եւ մենք կնշանակենք ՊԵԿ նոր նախագահ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Վարդան Հարությունյանին գործունեության համար  եւ շնորհավորեց ՊԵԿ նորանշանակ նախագահին:

Վարդան Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին իր դիմումն ընդունելու և աշխատանքից ազատելու համար: Ըստ Հարությունյանի, ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում եկամուտների հավաքագրումը պետական բյուջեում նախատեսվածից ավելի է 14 մլրդ դրամով: Հարությունյանը շնորհավորեց կառավարության նոր կազմին եւ ընդգծեց, որ իր ներուժը վերջինս կարող է օգտագործել կառավարության ցանկացած ծրագիր իրականացնելիս:

Անդրադառնալով եկամուտների հավաքագրման մասին Հարությունյանի տեղեկատվությանը՝ վարչապետը նկատեց, որ նա ակնարկում է այդ աճը ավելացնելու հնարավորության մասին:

«ՊԵԿ նորանշանակ նախագահն էլ նշեց, որ դա ինքն ընկալում է բարի ցանկություն: Արձանագրում ենք, որ մեր կառավարությունը բարի ցանկությունների իրականացման կառավարություն է»,- ասաց Փաշինյանը:  

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: