08/04/2020

Բռնության որեւէ դեպք չի կարող մնալ առանց քննության եւ առանց իրավական հետեւանքի. վարչապետ

Բռնության որեւէ դեպք չի կարող մնալ առանց քննության եւ առանց իրավական հետեւանքի. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ քաղաքական պրոցեսների ընթացքում տեղի ունեցած հարձակումներին: «Մենք դեպքեր ենք ունեցել, որ մեքենաներ են ջարդվել ինչ-որ անձանց կողմից, ես ակնկալում եմ, որ շատ արագ այդ գործերը քննվեն, այդ հարձակումների հեղինակները պարզվեն», - ասել է կառավարության ղեկավարը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է լուծել նաեւ տուժած քաղաքացիների հարցերը: «Նրանց ավտոմեքենաները ջարդվել են եւ պետք է հասկանալ, թե ինչպես ու ով է այդ պատասխանատվությունը կրելու: Բացի այդ, համապատասխան ընթացակարգերով պետք է այդ գործերը բացահայտվեն», - ասել է նա:

Անդրադառնալով Հերացի փողոցում տեղի ունեցած հայտնի միջադեպին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հիմա պարզվում է, որ գործ է հարուցվել ու արդյունքում կարճվել է: Կարծում եմ՝ մենք այս գործելակերպին ընդհանրապես պետք է վերջ տանք, երբ ինչ-որ արտոնյալ մարդկանց հանդիպելով՝ մենք ի սկզբանե ելնում ենք այն կանխավարկածից, որ այդ քրեական գործերը պետք է կարճվեն»: 

Վարչապետն ընդգծել է, որ խոսքն օրինականության հաստատման մասին է եւ այդ առումով ակնկալում է շատ հստակ ուղերձներ: «Ես ակնկալում եմ, որ ստուգվի կարճման որոշման օրինականությունը, որովհետեւ եթե այդ մասին մամուլի հրապարակումները համապատասխանում են իրականությանը, ապա ակնհայտ է, որ այդ կարճման որոշումն օրենքի հետ որեւէ կապ չունի», - ասել է կառավարության ղեկավարը եւ հավելել. «Մեր սկզբունքը հետեւյալն է՝ մեր երկրում բռնությունը որպես գործիք պետք է բացառվի:

Բացառված է բռնության որեւէ դեպք, որն ամբողջական ու մինչեւ վերջ քննության չարժանանա: Սա որպես սկզբունք եկեք արձանագրենք: Ինձ չի հետաքրքրում ով է բռնության հեղինակը եւ ով է բռնության զոհը: Այսինքն՝ տվյալ դեպքում ընդհանրապես որեւէ կապ չունի քաղաքական որ թիմից է, որ ճամբարից է, որ կուսակցությունից է: Մենք պետք է ունենանք բռնությունից զերծ հանրություն: Բռնության որեւէ դեպք չի կարող մնալ առանց քննության եւ իրավական հետեւանքի, եւ ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր խնդիր է»: Վարչապետը, դիմելով իրավապահ մարմիններին, նշել է, որ այդ հարցում ակնկալում է շատ կոնկրետ եւ արագ գործողություններ:

primeminister.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: