01/22/2025

Հայաստանի վարչապետը ընդունել է ԱՄՆ դեսպանին

Հայաստանի վարչապետը ընդունել է ԱՄՆ դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: 

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ վարչապետը կարեւորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը եւ ողջունել պաշտոնական Վաշինգտոնի հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ:

«ՀՀ կառավարությունը շահագրգռված է եւ մեծ նշանակություն է տալիս ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների գործընթացում ամերիկյան կողմի հետ փոխգործակցությունն ու հնարավոր օժանդակությունը: Մենք լի ենք էներգիայով՝ հասնելու մեր նպատակներին եւ կոնկրետ արդյունքների` հաշվի առնելով նաեւ այն դրական մթնոլորտը, որն այսօր առկա է երկրում», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ կառավարությունը վճռական է առաջ մղել աշխատանքները վերոնշյալ ուղղություններով: 

Ռիչարդ Միլսը, շնորհավորելով վարչապետ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, փոխանցել է ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը՝ օժանդակելու Հայաստանին նախանշված նպատակների իրականացման գործում:

«Միացյալ Նահանգների կառավարությունը հանձնառու է աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների, թափանցիկության եւ հաշվետվողականության հռչակված նպատակների հարցում, որոնք կբարելավեն Հայաստանի գործարար միջավայրն ու երկիրն առավել գրավիչ կդարձնեն ամերիկյան ներդրողների համար: Մենք երկխոսության և համագործակցության մի շարք հնարավորություններ ենք տեսնում, այդ թվում՝ հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքների ձևաչափում»,- ասել է դեսպան Միլսը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանային ընթացիկ հարցերին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին վերաբերող եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաներ:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: