01/22/2025

Վազգենից հետո նրա աչքերը երբեք չցամաքեցին

Վազգենից հետո նրա աչքերը երբեք չցամաքեցին

Գրետա մայրիկը հեռացավ մեզանից` ծանր ու երկարատև հիվանդությունից հետո: Լինում են դեպքեր, երբ բառերը կորցնում են իրենց իմաստը, անկարող են լինում արտահայտել մարդկային ցավը, հույզերը: Գրետա մայրիկի մահը այդ դեպքերից է, երբ ցավը խեղդում է կոկորդդ ու արցունքների միջից աչքիդ առջևով անցնում են հարազատ ու անմոռանալի տեսարաններ`ցավի ու հպարտության, վեհության ու կսկիծի ներդաշնակությամբ:

Վազգենից հետո երբեք չցամաքեցին նրա աչքերը, որոնք կարոտով փնտրում էին համազգային հպարտության ակունք դարձած որդուն` մայրաբար նրան գրկելու, պաշտպանելու համար: Շուրջ քսան տարի Գրետա մայրիկի իմաստուն և արտահայտիչ աչքերում միախառնված էին վիշտն ու հպարտությունը, սիրելի որդու կարոտը ու սպարապետ կորցրած մոր վեհությունը, սպասման քաղցրությունը ու անդառնալի կորստի ցավը:

Գրետա մայրիկը դարձել էր ընդհանուրիս հպարտության և հույզերի, կարոտի ու հուշերի կենտրոնը: Մենք նրա մեջ մարմնավորել էինք Վազգենին ու նրա հանդեպ ունեցած կարոտը, անցյալի վեհությունը ու ապագայի տեսլականը: Գրետա մայրիկը` վշտակորույս, բայց ուժեղ և հպարտ այդ կինը, յուրաքանչյուրիս վերադարձնում էր մեր բաժին Վազգենին, տարիների խորքից մեզ ցույց էր տալիս այն Լույսը, որն անպայման հաղթելու է խավարին:

…Այսօր Գրետա մայրիկը գնաց Վազգենի մոտ` հավերժ, անվերադարձ, նրան փոխանցելու իր մայրական անանց սերը, որդու ամուր բազուկների մեջ գտնելով հանգստությունը: Հիշատակդ հավերժ, առյուծածին մայր, հոգիդ լույսի մեջ մնա, Գրետա մայրիկ…

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: