01/22/2025

Անվտանգության խորհրդի քարտուղարը Հայաստանի համար մարտահրավերներ է համարում կոռուպցիան, կեղծված ընտրությունները

Անվտանգության խորհրդի քարտուղարը Հայաստանի համար մարտահրավերներ է համարում կոռուպցիան, կեղծված ընտրությունները

Նոր Հայաստանում մենք պետք է կարողանանք անվտանգության մարտահրավերները ընդլայնել եւ միայն Ադրբեջանը չընկալել անվտանգության մարտահրավեր, կարծում է Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Կիրակնօրյա վերլուծականի» ուղիղ եթերում պատասխանելով Հրայր Թամրազյանի հարցին, թե ո՞րն Հայաստանի անվտանգության գլխավոր մարտահրավերը, Արմեն Գրիգորյանը նշեց, որ այդ հարցին պատասխանելու համար հավելյալ քննարկումների եւ նոր հայեցակարգի կարիք կա: Այդուհանդերձ, ԱԽ քարտուղարը նշեց․ - «Բնականաբար՝ այս պահին Ադրբեջանը մարտահրավեր է հանդիսանում Հայաստանի անվտանգությանը որպես ռազմական սպառնալիք, բայց նոր Հայաստանում մենք պետք է կարողանանք անվտանգության մարտահրավերները ընդլայնել եւ միայն Ադրբեջանը չընկալել անվտանգության մարտահրավեր: Այս պահին Հայաստանի համար մարտահրավեր է կոռուպցիան, մարտահրավեր է ոչ թափանցիկ կամ կեղծված ընտրությունները: Դրանք բոլորը մարտահրավերներ են, որոնք համապետական լուծումներ են պահանջում եւ անվտանգության կոնցեպտի մաս են»:

Նշենք, որ Անվտանգության խորհրդի հիմնական լիազորությունը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները որոշելն է: Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկված են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Արմեն Գրիգորյանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ է, ով նախկինում եղել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության փորձագետ, ընտրություններում դիտորդական առաքելությունների մասնակցելու փորձ ունի: Նա նաեւ հանդիսանում է «Մերժիր Սերժին» նախաձեռնության առաջնորդներից մեկը:

azatutyun.am

Մայիս 20, 2018

Հրայր Թամրազյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: