05/28/2022

Կապանի տարածաշրջանի Տանձավեր գյուղի բնակիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունն են հայցում

Կապանի տարածաշրջանի Տանձավեր գյուղի բնակիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունն են հայցում

Մայիսի 21-ին «Սյունյաց երկրի» խմբագրություն են այցելել Տանձավեր գյուղի մի խումբ բնակիչներ՝ Վոլոդյա Հակոբյանի գլխավորությամբ:

Ավելի ուշ հեռախոսով գյուղացիների մտահոգությանը միացել է Կապան համայնքի Տանձավեր գյուղի վարչական ղեկավար Մարտին Թումանյանը:

Գյուղացիները խմբագրություն էին եկել լրջագույն մի մտահոգությամբ: 

Կապանի տարածաշրջանի այդ ենթաշրջանի ավտոճանապարհը տեւական ժամանակ գրեթե անանցանելի է ու շարունակում է մնալ այդ վիճակում:

Դարուփոսերը, քանդվածքներն այնքան շատ են ու խորը, որ միայն «Վիլիս» կամ «Նիվա» մակնիշի մեքենաներով, ինչպես եւ տրակտորով կարելի է հաղթահարել դժվարություններն ու տեղ հասնել:

Իսկ այդ ճանապարհից օգտվում են Տաթեւ, Սվարանց, Տանձատափ, Քաշունի (Մալդաշ), Աղվանի, Տանձավեր, Վերին Խոտանան գյուղերի բնակիչները:

Ճանապարհն այն աստիճան դժվարանցանելի է, որ մարդիկ ուղղակի զրկվել են մարզկենտրոնի հետ նորմալ հաղորդակցվելու հնարավորությունից:

Տանձավերցիները հիասթափված ու զարմացած են տեղական ու տարածքային իշխանության անգործությունից ու անտարբերությունից:

ՏԻՄ ընտրություններից հետո, երբ Կապանի տարածաշրջանը հիմնականում միավորվեց մեկ բազմաբնակավայր համայնքի մեջ, համայնքապետ Աշոտ Հայրապետյանը գոնե մեկ անգամ չբարեհաճեց այցելել համայնքի մեջ մտնող այդ գյուղեր:

Իսկ մարզպետը… Պաշտոնավարման ամբողջ ընթացքում ընդհանրապես չի եղել այդ բնակավայրերում, մարդիկ նրան չեն էլ ճանաչում: Հավանաբար չգիտի էլ, որ նման ենթաշրջան կա Կապան համայնքում:

Ըստ տանձավերցիների՝ ենթաշրջանի գյուղապետերը (մինչեւ համայնքների խոշորացում) մի անգամ միասին մտել են Վահե Հակոբյանի մոտ եւ խնդրել նրա աջակցությունը՝ հնարավորինս կարգավորելու ճանապարհը, բայց մարզպետը զայրացել է ու հորդորել, որ այլեւս նման հարցերով իրեն չանհանգստացնեն:

Վերջին անգամ 2013-ին Մաքսիմ Հակոբյանն է ժամանակավոր լուծումներով կարգավորել ենթաշրջանի ճանապարհը:

Ավելի ուշ կապանաբնակ գյուղացիներն են առավել անանցանելի փոսերը հողով լցրել, բայց հորդառատ անձրեւներից հետո նորից փոսերն ազատվել են հողային շերտից:

Տեսնելով, որ համայնքային ու մարզային իշխանություններն ինքնամեկուսացվել են այդ գյուղերի հոգսերից, տեսնելով, որ իշխանավորներին այլեւս չի հետաքրքրում ենթաշրջանի ճանապարհների վիճակը, գյուղացիները դիմում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միջամտելու Վերին Խոտանանի ենթաշրջանի ճանապարհի (Շրվենանցի խաչմերուկից սկսած) վերանորոգման հույժ կարեւոր խնդրի լուծմանը:

Տանձավերցիներին  մտահոգություն պատճառած ճանապարհը, խոստովանենք, ռազմավարական նշանակություն ունի: Դա Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհն է, որը Արցախյան պատերազմի դժվարին օրերին, առանց չափազանցության, կյանքի ճանապարհ էր Կապանի եւ Մեղրու շրջանների բնակիչների համար:

Այնպես որ՝ գործ ունենք հանրապետության հարավային շրջանների համար իրոք որ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի անմխիթար ու գրեթե անանցանելի վիճակի հետ, որը, կարծում ենք, պետք է արժանանա հանրապետության կառավարության ուշադրությանը:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: