01/23/2025

Բոյկոտեցին հանրային քննարկումը

Բոյկոտեցին հանրային քննարկումը

Այսօր Կապանի համայնքապետարանի դահլիճում պիտի տեղի ունենար «ԱԳԱՊԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Կապան համայնքի վարչական տարածքում նավթի եւ բնական գազի պաշարների երկրաբանական ուսումնասիրության նախանական գնահատման հայտի վերաբերյալ երկրորդ հանրային քննարկումը: Համայնքապետարանի նախասրահում հավաքվել էին ընկերության պատասխանատուները, համայնքների վարչական ղեկավարներ, որոնց տարածքում նախատեսվում են երկրաբանական ուսումնասիրություն կատարել: Բայց մի խումբ բնապահպաններ եւ հասարակական ակտիվիստներ շուրջկալել էին դահլիճի մուտքը՝ խոչընդոտելով քննարկման մասնակիցների մտնել այդտեղ: Այդպիսով՝ հանրային քննարկումը տապալվեց:

Կատարվածի մասին պարզաբանում տվեց բնապահպան, «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը. «Ինքնաբուխ հավաք տեղի ունեցավ. Սյունիքի մարզի մի շարք համայնքներում նավթի, գազի պաշարների հետախուզական աշխատանքների վերաբերյալ քաղաքացիներն ունեն բացասական դիրքորոշում: Եվ եկել էին դա հայտնելու եւ բոյկոտելու հասարակական քննարկումը, ինչը նախատեսված է օրենքով: Սա պիտի ամրագրվի որպես տապալված հանրային քննարկում եւ հետագայում ընթացք չտրվի: Նապատեսում ենք նախաձեռնող խումբ ստեղծել, ճշտել մեր հետագա անելիքները ոչ միայն նավթի, գազի պաշարների հետախուզական աշխատանքների, այլեւ Սյունիքի մարզում բնապահպանական ռիսկեր պարունակող գործունեություն իրականացնողների վերաբերյալ»:

- Ճիշտը ոչ թե դահլիճի մուտքը շրջափակելն էր, այլ քննարկմանը մասնակցելը եւ իրենց պահանջները ներկայացնելը: Դե՞մ են, թող ասեն ինչի համար, - «Սյունյաց երկրին» փոխանցեց «ԱԳԱՊԵ» ՍՊ ընկերության գլխավոր երկրաբան Դավիթ Խոնդկարյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: