01/23/2025

Հայկական կողմի համար կարեւոր սկզբունք է ԼՂ հակամարտության բանակցային խաղաղ գործընթացի ապահովումը. ԱԳ նախարար

Հայկական կողմի համար կարեւոր սկզբունք է ԼՂ հակամարտության բանակցային խաղաղ գործընթացի ապահովումը. ԱԳ նախարար

 ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Հայաստանի համար ամենակարեւոր սկզբունքը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում  խաղաղ գործընթացի ապահովումն է: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանի հարցին: «Մենք առավել ուշադրություն ենք դարձնում մթնոլորտի պահպանմանը այն առումով, որ մենք չունենանք զարգացումներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ բանակցությունների վրա, որոնք կհանգեցնեն էսկալացիաների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Նախարարն ընդգծեց, որ սպասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երկխոսությանը՝ հավելելով, որ արդեն հասցրել է հեռախոսազրույց ունենալ համանախագահների հետ, ովքեր մանրամասներ են ներկայացնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ արդեն կայացած հանդիպումից: «Մեզ համար շատ կարեւոր է դինամիկան պահպանելը, որովհետեւ դրա հիմքում ընկած է գործընթացը բացառապես բանակցությունների միջոցով շարունակելը: Մենք մոտ ժամանակներս գործընթացը վերականգնելու հնարավորություն կունենանք: Հունիսին մենք կվերականգնենք գործընթացը համանախագահների հետ հանդիպմամբ»,- ասաց Մնացականյանը:

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ Նախիջեւանի հատվածում սահմանագիծ այցելելու մասին հարցին՝ նախարարն ընդգծեց, որ այդ այցի նպատակն էր ազդակ փոխանցել, որ հայկական կողմն ուշադիր է եւ շատ մեծ կարեւորություն է տալիս բանակցային գործընթացի վրա բացասական ազդեցություն ունեցող բոլոր հնարավոր զարգացումները բացառելուն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: