01/23/2025

ՀՀ նախագահը եւ Վրաստանի վարչապետը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումը

ՀՀ նախագահը եւ Վրաստանի վարչապետը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումը

 

 

 

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ մայիսի 25-ին ժամանել է Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:

 

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հրապարակած հաղորդագրության համաձայն, նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Այնուհետեւ տեղի է ունեցել պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով։

 

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի եւ ցուցաբերած ջերմ ընդունելության համար:

 

Կողմերը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, առկա ներուժի առավելագույնս օգտագործումը։

 

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին։ Վրաստանի վարչապետը, գոհունակությամբ արձանագրելով իրավիճակի քաղաքակիրթ եւ խաղաղ հանգուցալուծումը, կարևորել է նախագահ Սարգսյանի դերն ու ջանքերն այդ գործընթացներում և նշել, որ շահագրգիռ են հարևան երկրի կայունությամբ։ Հանրապետության նախագահն իր հերթին ասել է, որ համատեղ բոլոր ծրագրերը ոչ միայն շարունակվելու են, այլեւ՝ ընդլայնվելու։

 

«Մենք հետաքրքրված ենք լավագույնս օգտագործելու տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ողջ ներուժը», - շեշտել է նա։

www.azatutyun.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: