01/15/2025

Եվրոպայի օրվա տոնակատարությունը Կապանում

Եվրոպայի օրվա տոնակատարությունը Կապանում

1950թ. մայիսի 9-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանն առաջարկեց պատերազմներից հոգնած Եվրոպային՝ միավորել իրենց տնտեսական ներուժը, ինչը դարձավ Եվրոպական միության հիմնաքար: Եվ ընդունվեց որոշում ամեն տարվա մայիսի 9-ը նշելու որպես Եվրոպայի օր՝ համընդհանուր արժեքների, խաղաղության, միասնության եւ բազմազանության տոն:

Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված «Եվրոպան այստեղ է» կարգախոսով անցկացվող միջոցառումները տեղի են ունենում Հայաստանի յոթ քաղաքում, իսկ մայիսի 26-ին տոնակատարության վայր դարձավ Սյունիքի մարզկենտրոն Կապանը:

Գարեգին Նժդեհի հրապարակում ներկաներին օրվա խորհրդի առթիվ բարեմաղթանքի խոսք հղեց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա նշեց, որ դեպի Եվրոպա տանող ճանապարհի հարավ-արեւմտյան դարպասն է Կապանը, որն էլ միշտ տեղ ունի իրենց աշխատանքային քարտեզում: Նաեւ ասաց, որ իրեն են ներկայացրել մի նոր ծրագիր՝ պլաստիկ թափոնների վերամշակմանը վերաբերող: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, եւ դա սկիզբ է համատեղ ծրագրերի, որոնք իրականացվելու են Կապանում եւ Սյունիքի մարզում:

Հյուրերին բարեմաղթանքի խոսք հղվեց Կապանի համայնքապետարանի անունից: Նշվեց մասնավորապես, որ Եվրոպական հետքերը Կապանում երկու դարի պատմություն ունեն, մասնավորապես 1903թ. հիմնադրվեց հունական եկեղեցին, իսկ ֆրանսիացիները եւ հույները եղան Կապանի պղնձահանքերի առաջին շահագործողներից:

Ելույթներից հետո հնչեց Եվրոպայի օրվան նվիրված՝ այս տարվա համար գրված օրհներգը, որ կատարեց կապանցի Սիլվի Մարգարյանը:

Կապանցիների համար ժամանցային եւ համերգային ծրագիր էր պատրաստվել, իսկ վերջում անցկացվեց վիճակախաղ. շահողները նվերներ ստացան:

 

Վահրամ Օրբելյան

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: