01/15/2025

Կապանի կոմբինատում իրավիճակը սրվում է. Ուշկովը սպառնում է կրճատումներով, իսկ հանքագործները՝ նրա հրաժարականով

Կապանի կոմբինատում իրավիճակը սրվում է. Ուշկովը սպառնում է կրճատումներով, իսկ հանքագործները՝ նրա հրաժարականով

Երկու օր առաջ Կապանի լեռնահանքային կոմբինատում մեկնարկած գործադուլը շարունակվել է երեկ, նաեւ այսօր՝ մայիսի 27-ին:

Փաստորեն վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է մարզկենտրոնի մայր ձեռնարկությունում. չի գործում հարստացուցիչ ֆաբրիկան, լեռնագործները չեն իջնում ստորգետնյա հանք, չեն գործում սպասարկող արտադրամասերը, որոնք սովորաբար աշխատում են նաեւ հանգստյան ու տոնական օրերին:

Գործադուլավորների ներակայացուցիչները, ընկերության արհկոմի նախագահ Արսեն Հայրապետյանի գլխավորությամբ, շարունակում են հանդիպում-բանակցությունները կոմբինատի գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովի հետ, ով, սակայն, նախապես հայտարարած պայմաններից նահանջելու մտադրություն չունի: Իսկ նրա պայմանները հետեւյալ բովանդակությունն ունեն՝ հունիսին վերանայել հավելավճարների համակարգը, հոկտեմբերից հինգ տոկոսով բարձրացնել աշխատավարձը:

Նախապես առաջադրած պահանջներից չեն հրաժարվում նաեւ հանքագործները:

Միաժամանակ՝ գործադուլավորները մայիսի 26-ին հավանություն են տվել «Պոլիմետալի» գլխավոր տնօրեն Վիտալի Նեսիսին ուղարկվող դիմումի տեքստին՝ ստորագրված ընկերության արհմիության նախագահի կողմից: Դիմումով Արսեն Հայրապետյանը կողմերին ողջամիտ փոխզիջումների կոչ է արել:

Սակայն Դմիտրի Ուշկովը, չսպասելով «Պոլիմետալի» գլխավոր տնօրենի պաշտոնական պատասխանին, սպառնում է կրճատել աշխատողներին. եթե հանքագործները մայիսի 29-ին չվերադառնան աշխատատեղեր, ապա ինքը մարդկանց բացակայությունը կգնահատի իբրեւ գործալքություն եւ կձեռնարկի 130 հոգու կրճատման գործընթաց:

Գործադուլավորներն էլ իրենց հերթին են սպառնում. եթե երեք օրվա ընթացքում ընկերության ղեկավարությունն իրենց պահանջները չբավարարի, ապա իրենք օրակարգի գլխավոր հարցը կդարձնեն Դմիտրի Ուշկովի անհապաղ հրաժարականի պահանջը:

 Սամվել Ալեքսանյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: