01/23/2025

Սեյրան Օհանյանը անդրադարձել է ռազմական ղեկավար օղակներում վերջին նշանակումներին

Սեյրան Օհանյանը անդրադարձել է ռազմական ղեկավար օղակներում վերջին նշանակումներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է ռազմական ղեկավար օղակներում վերջին նշանակումներին:  Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը, անդրադառնալով հարցին` ինչպե՞ս է վերաբերվում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմանը,  ընդգծեց, որ այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը իրականացնում է իր կադրային քաղաքականությունը, ուստի ինքը չի ցանկանում մեկնաբանել դա: «Ես իմ բոլոր ծառայակից, մարտական ընկերներին, զինվորներին, գեներալներին, սպաներին  շատ հարգում և սիրում եմ: Այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը վարում է իր կադրային քաղաքականությունը, և ես դա չեմ մեկնաբանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Օհանյանը:

Նա հավելեց, որ հայոց բանակը մշտապես ապահովել է շարունակական կատարելագործումը: «Ես ցանկանում եմ նաև ավելացնել, որ պաշտպանության նախարարությունն այն կառույցն է, որը ռազմավարական պլանավորման արդյունքում է գործունեություն ծավալում և նաև կադրային քաղաքականությունն այն ռազմավարության մի մասն է: Իհարկե, շատ ընկերներ ունենք, ովքեր արժանի են, բայց այսօրվա նշանակումները ես չեմ մեկնաբանում, որովհետև դա ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է»,- ասաց նա:

Անդրադառնալով ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նշանակմանը գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնում` Սեյրան Օհանյանը կարծիք հայտնեց, որ  Մովսես Հակոբյանն այսօրվա մեր ռազմական ղեկավարության մեջ ամենակատարյալ ռազմական գեներալն է` իր հրամանատարական անցյալով, գիտելիքներով, ստեղծագործական մտածելակերպով, փառավոր մարտական ճանապարհով:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: