08/04/2020

Տաթեւ համայնքում կանխվել է ոռոգման համակարգի խողովակների կողոպուտը, որ նախաձեռնել էր համայնքի աշխատակազմի ղեկավարը

Տաթեւ համայնքում կանխվել է ոռոգման համակարգի խողովակների կողոպուտը, որ նախաձեռնել էր համայնքի աշխատակազմի ղեկավարը

Շինուհայրից մեզ տեղեկացնում են, որ օրեր առաջ, երբ ամբողջ ազգը զարթոնք էր ապրում, Շինուհայր-Հալիձոր գյուղերի միջեւ ընկած դաշտամասում կատարվում էր հանրային սեփականություն հանդիսացող ոռոգման խողովակաշարի գողության փորձ:

Ըստ նույն աղբյուրի՝  դրա հեղինակը Տաթեւի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Մարատ Գերասիմյանն էր, ով խոշորացված այդ համայնքում մրցույթների փաստաթղթերը կեղծելու անզուգական վարպետի համբավ ունի:

Ոռոգման համակարգը քանդելու եւ խողովակները հանելու գործը հանձնարարաված էր ոմն Գրիգորի, ով էլ աշխատանքը կատարում էր բազմաբնակավայր այդ համայնքին իբրեւ օգնություն տրված տրակտորով:

Գորիսի ոստիկանությունում իմացել են այդ մասին եւ Գրիգոր անուն տրակտորիստին տարել ոստիկանության բաժին ու մի քանի ժամ այնտեղ պահելուց եւ ինչ-ինչ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո ազատ արձակել:

Շինուհայրից հարցնում են՝ իրավական ի՞նչ ընթացք է տրվել Մարատ Գերասիմյանի եւ Գրիգոր անուն տրակտորիստի կողմից հանրային ունեցվածքը կողոպտելու այդ փաստին, արդյո՞ք այդ մասին նախապես իմացել է համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը, չէ՞ որ ինքն ամեն օր այդ դաշտամասի կողքով Տաթեւից Շինուհայր է գալիս եւ տուն վերադառնում: Եվ, ի վերջո, ինչպե՞ս է պատահել, որ խոշորացված համայնքին իբրեւ օգնություն տրված տրակտորն օգտագործվել է համայնքի պատասխանատուներից մեկի ախորժակին հագուրդ տալու նպատակով:

… Իսկ մենք չէինք հասկանում, թե ինչու են համայնքները խոշորացվում, չէինք հասկանում նաեւ, թե ինչու է մարզպետարանը կանաչ լույս վառել Մարատի եւ Մուրադի առջեւ:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: