08/04/2020

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ինքնակամ գալ օրինականության դաշտ եւ չստել պետությանը

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ինքնակամ գալ օրինականության դաշտ եւ չստել պետությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող գործողությունները՝ կոռուպցիոն շղթաների բացահայտման ուղղությամբ, որակում է ոչ թե որպես վենդետա, այլ օրինականության հաստատում: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ փոքրիկ ճեպազրույցում՝ անդրադառնալով այն խոսակցություններին, որ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացնում «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում, որը պատկանում է Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին: «Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է, եւ այն, որ մենք հայտարարել էինք, թե վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ, բայց սա որեւէ մեկը թող չընկալի որպես թուլության նշան: Այո, վենդենտաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու: Եթե որեւէ մեկը սա մեկնաբանի որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բոլորը պետք է պետության նկատմամբ իրենց պարտավորությունները լիարժեք կատարեն եւ ոչ ոք թող չհամարձակվի ստել պետությանը: «Բոլորին կոչ եմ անում կամավոր գալ օրինական դաշտ, նախկինում չվճարված հարկերը վերահաշվարկեն, ու դա թող ԱԱԾ-ի կողմից տեղի չունենա: Այո, ինչ խնդիր դրվի ԱԱԾ-ի առջեւ, ծառայությունը շատ արագ ու կոշտ կլուծի, բայց ես կոչ եմ անում չհասնել դրան»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: