08/03/2020

Կապանի կոմբինատում գործադուլը շարունակվում է, իսկ հացադուլը դադարեցվել է

Կապանի կոմբինատում գործադուլը շարունակվում է, իսկ հացադուլը դադարեցվել է

Ինչպես գրել էինք մեր նախորդ հրապարակման մեջ, գործադուլի դուրս եկած հանքագործները սպասում էին գլխամասային ձեռնարկությունից՝ «Պոլիմետալ» ընկերությունից ժամանող պատվիրակությանը եւ նրա հետ հանդիպմանը, որ քննարկեն ստեղծված իրավիճակից դուրս գալու, երկկողմ լուծումներ գտնելու հարցը, մանավանդ որ շարունակվում էր հանքում կոմբինատի վեց աշխատակցի հացադուլը:

Մայիսի 29-ի ժամը 17-ի սահմանում գործադուլավորների նախաձեռնող խմբի եւ «Պոլիմետալի» պատասխանատուների միջեւ հանդիպում տեղի ունեցավ, որ տեւեց մոտ մեկ ժամ: Դրանից հետո «Պոլիմետալ» ընկերության գլխավոր տնօրենի արտադրության գծով տեղակալ Վիտալի Սավչենկոն եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների հարցերով տեղակալ Դմիտրի Ռազումովն ընդունեցին մարզկենտրոնի լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Ամենակարեւոր հարցին, թե որքանո՞վ է ընկերությունը պատրաստ բարձրացնել ձեռնարկության աշխատակիցների աշխատավարձը, Դ.Ռազումովը պատասխանեց, որ տասը տոկոսով՝ բոլոր աշխատակիցների համար՝ ըստ հաստիքացուցակի: Ինչ վերաբերում է աշխատավարձի համակարգի վերանայմանը, փոփոխմանը, պարգեւավճարների չափորոշիչների որոշմանը, ապա դա կարվի աշխատանքի ընթացքում՝ նախաձեռնող խմբի հետ, պայմանով, որ մարդիկ դուրս գան աշխատանքի: Մանավանդ, քանի դեռ շարունակվում է հացադուլը հանքում, հնարավոր չի լինի վերսկսել աշխատանքը: Դա պայմանավորված է տեխնոլոգիական պրոցեսներով եւ արտադրության անվտանգությամբ:

Նախաձեռնող խմբի բարձրացրած հարցերը բանախոսը երկու մասի բաժանեց՝ արագ լուծվող եւ հարցեր, որոնց հանգուցալուծումը ժամանակ է պահանջում, որովհետեւ որոշակի միջոցառումներ են անհրաժեշտ կատարել դրանց իրականացման ուղղությամբ: Օրինակ՝ արտադրամասի վնասակար լինելու չափը որոշելը: Եվ մասնավորապես նշեց, որ որոշ հարցերի լուծման ուղիներ չնշմարվեցին, քանզի ձեռնարկությունը պարապուրդի է մատնված: «Երկխոսությունն ավելի արդյունավետ փուլ կտեղափոխվի, եթե ձեռնարկությունը վերսկսի գործել», - վերստին կրկնեց Դ.Ռազումովը՝ հավելելով, որ ամեն ինչ արվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի շրջանակում ու նաեւ զանգվածային հեռացումներ չեն լինի, ինչի մասին խոսակցություններ են տարածվել: 

Մայիսի 30-ի առավոտյան կոմբինատի աշխատակիցները դարձյալ աշխատանքի չէին դուրս եկել, իսկ ահա հացադուլավորները նախօրեին՝ ժամը 22-ին, դադարեցրել էին հացադուլը: Ինչպես տեղեկացանք նախաձեռնող խմբից, իրենք պատրաստվում են կրկին հանդիպել «Պոլիմետալի» ղեկավարության հետ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: