01/15/2025

Վահե մարզպետի խռխռոցը. մեղք է այդ տղան՝ սրա-նրա ոտերն ընկած փորձում է մի քանի օրով երկարաձգել իր պաշտոնավարումը կամ վերադառնալ Քաջարան

Վահե մարզպետի խռխռոցը. մեղք է այդ տղան՝ սրա-նրա ոտերն ընկած փորձում է մի քանի օրով երկարաձգել իր պաշտոնավարումը կամ վերադառնալ Քաջարան

Այսօր տարածվել է Սյունիքի չարափառ մարզպետի լացուկոծը՝ «Իմ օրակարգում հրաժարականի հարց չկա»: Եվ մայրաքաղաքային մի քանի լրատվամիջոց անմիջապես տարածել են քաղաքական այդ ննջեցյալի խռխռոց-զրույցը: 

Մեծ իմաստով ինքը ճիշտ է ասում՝ իր օրակարգում հրաժարականի հարց չկա: Այո, ի՛ր օրակարգում…

Այդ հարցը, սակայն, կա Հայաստանի նոր կառավարության օրակարգում: Ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ոչ մեկ անգամ հայտարարել. «Բոլոր մարզպետները, անխտիր, փոխվելու են»:

Մենք չենք կարծում, որ հեղափոխության առաջնորդ-վարչապետը կատակ է արել եւ բացառություն է նախատեսել բազում հանցանքների մեջ կասկածվող Սյունիքի մարզպետի համար: 

Եվ, այդ բոլորով հանդերձ, երիցս ճիշտ է Վահեն, երբ ասում է. «Իմ օրակարգում հրաժարականի հարց չկա»:

Օրակարգում այլ հարց է դրված՝ Վահե ավազակապետի գործունեությունը՝ 2014-ի օգոստոսից մինչեւ այսօր, լրջագույն հետաքննության պիտի ենթարկվի: Նա պետք է պատասխան տա կատարած ամեն ինչի համար, նա պետք է Սյունիք վերադարձնի այստեղից գողացածը, սյունիքյան միջոցներով արտասահմանում ձեռք բերած գույքը:

Մինչ այդ, ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, Վահեն տարբեր մասշտաբի վարձկան-միջնորդներ է ուղարկել նոր իշխանությունների ամենատարբեր ընդունարաններ՝ աներեւակայելի խոստումներով՝ իրեն Սյունիքի մարզպետի պաշտոնում հանդուրժելու կամ Քաջարանի կոմբինատ տեղափոխելու աղաչանքով, բայց մերժվել է բոլորի կողից:

Եվ չնայած դրան, ամոթը կորցրած մարզպետը խոսում է ինչ-որ ծրագրերի մասին՝ իբր Սյունիքի մարզին առնչվող:

Եվս մեկ անգամ հայտարարում ենք՝ Սյունիքը դարերի ընթացքում նման ավազակ չի տեսել: Եվ նրա գործողությունները Սյունիքում միայն մեկ նախադասությամբ կարելի է բնորոշել՝ վնասարարություն, ընդդեմ սյունեցիների գործողություններ, թալան, արհամարհանք Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ գործող օրենքների հանդեպ:

Վերջին մեկ-երկու ամսում բացահայտվել է նաեւ, որ տխրահռչակ մարզպետը ֆինանսական տարբեր սխեմաներով, ստվերային գործողություններով կապված է եղել ու կապված է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության բազմաթիվ պաշտոնյաների հետ, ինչի մասին պատմող բազում հրապարակումներ են դրվել ընթերցողի սեղանին: 

Իսկ դա նշանակում է՝ քանի դեռ Վահե ավազակապետը պատասխանատվության չի ենթարկվել, չենք կարող խոսել Հայաստանում եւ հատկապես Սյունիքում հեղափոխության հաղթանակի մասին: 

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: