01/23/2025

Քաղաքացին հրավիրվել է ոստիկանության Գորիսի բաժին՝ բացատրություն տալու, թե ինչու է համայնքապետ Մուրադից հաշվետվություն պահանջել համայնքին տրված 5 մլն դոլար գումարի օգտագործման վերաբերյալ

Քաղաքացին հրավիրվել է ոստիկանության Գորիսի բաժին՝ բացատրություն տալու, թե ինչու է համայնքապետ Մուրադից հաշվետվություն պահանջել համայնքին տրված   5 մլն դոլար գումարի օգտագործման վերաբերյալ

Հարժիսը Տաթեւ խոշորացված համայնքի մեջ մտնող ութ գյուղերից մեկն է:

Այսօր առավոտյան Հարժիս գյուղի բնակիչ Մանվել Ալեքսանյանն այցելել է Շինուհայր, որ Տաթեւ համայնքի կենտրոնն է, եւ ներկայացել համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանին:

Համայնքապետին ներկայացվել է երկու պահանջ՝ ա)հաշվետվություն տալ համայնքին ու մասնավորապես Հարժիսի բնակչությանը, թե ինչ նպատակով է ծախսվել խոշորացված համայնքին Համաշխարհային բանկի կողմից իբրեւ օգնություն տրված 5 մլն դոլարը, բ)հրաժարական տալ համայնքապետի պաշտոնից, քանի որ ինքը համայնքապետ է դարձել համայնքի բնակչության մեծամասնության կամքին հակառակ՝ նշանակվելով Սյունիքի մարզպետարանի կողմից:

Դրան նախորդել է (համայնքապետարանի շենքի մոտ) մի խումբ բնակիչների ինքնաբուխ հավաքը, որտեղ նույնպես հնչել են այդ պահանջները՝ ուղղված Մուրադ Սիմոնյանին:

Ավելի ուշ Մուրադ Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանության Գորիսի բաժին՝ նշելով, որ Մանվել Ալեքսանյանը պահանջում է իր հրաժարականը՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել: 

Վերջինս անմիջապես հրավիրվել է ոստիկանության Գորիսի բաժին. այնտեղ մի քանի րոպե նրա հետ զրույց են ունեցել, որից հետո վերադարձել է գյուղ:

Մենք հեռախոսազրույց ունեցանք Մանվել Ալեքսանյանի հետ՝ խնդրելով պարզաբանել տեղի ունեցածը, ով մասնավորապես ասաց. «Այո, ես պահանջել եւ պահանջում եմ համայնքապետի հրաժարականը. դա հարյուրավոր հարժիսցիների, շինուհայրցիների տեսակետն է նաեւ: Ինքն ընտրված չէ բնակչության կողմից, ինքը նշանակված է մարզպետարանի կողմից եւ ծառայում է միայն մարզպետին: Չեմ կարծում, որ համայնքապետի հրաժարականը պահանջելն արտառոց երեւույթ է, ինչի համար Մուրադը պետք է հաղորդում ներկայացներ ոստիկանություն. Թրամփի հրաժարականը կարելի է պահանջել, Պուտինի հրաժարականը կարելի է պահանջել, Սերժ Սարգսյանի հրաժարականը կարելի է պահանջել, բայց Մուրադի հարցում պետք է զո՞ւսպ լինել:

Ես նաեւ պահանջել ու պահանջում եմ Հարժիսի հանրությանը հաշվետվություն ներկայացնել, թե իբրեւ օգնություն տրված 5 մլն դոլարն ինչ նպատակով է ծախսվել, ինչու համայնքին տրված այդ գումարից Հարժիսին բաժին չի հասել»:

Օրվա երկրորդ կեսին Շինուհայրից նոր տեղեկություն ստացանք՝ իբր Մուրադ Սիմոնյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Տաթեւ» անունով ինչ-որ մասնավոր հիմնադրամ, որի հաշվին էլ գումար է փոխանցվել Համաշխարհային բանկի տված օգնությունից:

Այս տեղեկությունը, իհարկե, պետք է ուսումնասիրվի եւ ճշտվի, բայց…

Մուրադ Սիմոնյան համայնքապետը, եթե իսկապես ուզում է գոնե հետագայում կանխել նման լարված իրավիճակները, պետք է ներկայանա Հարժիսի հանրությանը եւ հանգամանալից հաշվետվություն ներկայացնի նշված գումարի օգտագործման, ինչպես եւ «Տաթեւ» հիմնադրամի շուրջ շրջանառվող խոսակցությունների վերաբերյալ:

«Սյունյաց երկիր»

Լուսանկարում՝ Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: