08/03/2020

Թալան-թալան՝ մինչեւ վերջ. մարզպետը կորցրել է իրականության զգացումը

Թալան-թալան՝ մինչեւ վերջ. մարզպետը կորցրել է իրականության զգացումը

ՀՀԿ-ի՝ ընդամենը միառժամանակ առաջ անվերջ թվացող իշխանությունն այլեւս անդառնալի հոգեվարքի մեջ է հայտնվել, ինչը նշանակում է, որ հեղափոխությամբ սկիզբ առած առողջացման պրոցեսը հետզհետե է՛լ ավելի խորքային բնույթ է սկսում ստանալ. ՀՀԿ-ն ակնհայտ ճգնաժամի մեջ է, պետական կառավարման համակարգի միջին օղակներում կադրային փոփոխությունները չափազանց ակտիվ տեմպերով են սկսել ընթանալ, նույնիսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն է այլեւս հայտնվել պատային իրավիճակում, ու կասկած չկա, որ նրա հրաժարականի հարցը մոտակա ամիսների, եթե ոչ ընդամենը շաբաթների հարց է դարձել (Սիմոնյանը որոշել է սպասել վարչապետ Փաշինյանի զանգին՝ ինչ էլ լինի):

Ինչպես հայտնի է, տարբեր մակարդակներում արդեն իսկ հասցրել են հնչել հայտարարություններ այն մասին, որ նոր Հայաստանում հին մարզպետները նույնպես ստիպված են լինելու հրաժեշտ տալ իրենց փափուկ բազկաթոռներին: Ճիշտ է՝ կապված մարզպետների անխուսափելի դարձած  փոփոխության հետ՝ դեռեւս մի շարք հարցեր կան, սակայն գրեթե անկասկած է, որ շուտով ՀՀԿ-ի կադրերը ստիպված կլինեն պետական կառավարման այս օղակն էլ հանձնել հեղափոխությանը:

Բայց արի ու տես, որ մարզպետների մեջ կա մեկն, ով որեւիցե կերպ չի ցանկանում լսել սեփական հրաժարականի անխուսափելիության մասին պնդումները. Սյունիքի տխրահռչակ մարզպետ Վահե Հակոբյանի մասին է խոսքն, ով, ինչպես հայտնի է, այն մարզպետների թվին է դասվում, ում համբավը չափազանց կասկածելի բնույթ է կրում՝ պայմանավորված  այն մութ պատմություններով, որոնցում հաճախ շոշափվել է նրա անունը:

Վահե Հակոբյանն, «Առավոտ» օրաթերթին տված իր հարցազրուցում արձագանքելով Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանն այն  մասին, որ բոլոր մարզպետները պետք է փոխվեն, հայտարարել է, թե նման հորդորով իրեն ոչ ոք չի դիմել: «Հրաժարականի դիմում ներկայացնելն ու ծրագրերն ավարտին չհասցնելը խոստումը դրժելու փորձ կդիտվի, իսկ դա դեմ է իմ սկզբունքներին. իմ օրակարգում հրաժարականի հարց չկա»,-ձայնի հաստատակամ տոնայնությամբ վստահեցրել է մարզպետը:

Ինչ խոսք՝ կյանքում ինչ-որ բանի հասնելն ու կյանքի բարիքներից օգտվելու ցանկությունը մարդ արարածի մոտ միանգամայն բնական ձգտում է: Սակայն համաձայնե՛ք, որ լավ ապրելու ձգտումը չի կարող արդարացի պատճառ համավել՝ ասենք պետական թալանի մասնիկ լինելու, ժողովրդի հաշվին միլիարդներ դիզելու ու զանազան կոռուպցիոն մեխանիզմերի օգնությամբ պետական համակարգին անդառնալի վնաս հասցնելու համար՝ բաներ, որոնցից, ցավոք անմասն չէ նաեւ Սյունիքի մարզպետ Հակոբյանը:

Երբ նշանակվում էր մարզպետ, Սյունիքի բնակիչների սրտերում թաքուն հույս էր արթնացել, որ նորանշանակ մարզպետը իրական փոփոխություններ կբերի մարզ, նոր ու էֆեկտիվ քաղաքականություն կիրականացնի Սյունիքում, ինչն էլ հիմք կհանդիսանա մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման համար: Անցան, սակայն, երկար ամիսներ, ու բոլորին պարզ դարձավ, որ բոլոր հույսերը սին էին. առհամարված գորիսեցիներ,  անհասկանալի ծագմամբ անհատակ ունեցվածք, ձեռք բերված կասկածելի համբավ,  հայտարարագրում նշված տեղեկությունների եւ ունեցած ֆինանսական հոսքերի միջեւ ճչացող անհամապատասխանություն, որ հնարավոր կոռուպցիայի վկայություն է, սեփական ղեկավարման տակ գործող մասնավոր հինադրամին արված հարյուրավոր միլիոնների հատկացումներ, բնապահպանների ու ԶԼՄ-ների դեմ դատական հայցեր ու միսկրծոցի,   մոտ 25000 դոլարանոց ժամացույց կապող մարզպետի գերհարուստ կին եւ այլն՝ ահա այն ամենի ոչ լրիվ ցանկը, որոնցով կհիշվի Հայաստանի Հանրապետության, բայց հատկապես Սյունքի մարզի բնակիչների կողմից իրեն ազգի ծառա համարող, բայց տակից միլիարդներ «քերող» Վահե Հակոբյանը:

Այսքանից հետո հարց է առաջանում՝ հատկապես ինչի՞ վրա է հույսը դրել մեր հերոսն  ու ինչի՞ն է սպասում: Միգուցե Սիմոնյանի նման նա է՞լ է սպասում Նիկոլ Փաշինյանի սաստող զանգին՝ ջանալով մինչեւ վերջին պահը վայելել մարզպետի քաղցր պաշտոնը, թե՞ որոշել է անհարկի համառություն ցուցաբերել ու ամեն գնով պաշտպանել հարազատ կուսակցության՝ ՀՀԿ-ի դիրքերը՝ հետո շեֆության կողմից գնահատված լինելու ծածուկ, բայց նվիրական հույսով…

Ինչ խոսք՝ մարզպետների փոփոխությունն, երբ էլ դա տեղի ուենա, բնավ ինքնանպատակ բնույթ չէ, որ կրելու է: Ճիշտ է՝ այդ փոփոխությունները պայմանավորված են լինելու երկրում բոլորովին նոր իրավիճակի ստեղծմամբ, սակայն կրելու են միանգամայն օբյեկտիվ բնույթ. Վահե Հակոբյանի նման մարզպետների պատճառով է նաեւ, որ Երեւանից դուրս երկրում կյանքն ուղղակի մեռել է, իսկ արտագաղթն էլ՝ հասել իր պատմական պիկին:

Վահե Հակոբյանը պետք է հեռանա ու դա այլեւս հասարակական պահանջ է…

Norlur.am

30 մայիսի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: