01/23/2025

Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններն ավելի ու ավելի են ամրապնդվելու. վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներին

Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններն ավելի ու ավելի են ամրապնդվելու. վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներին

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Խոջիվանք» պանթեոն, որտեղ ծաղիկներ է դրել Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու եւ Գաբրիել Սունդուկյանի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: Այնուհետեւ վարչապետն ուղեւորվել է Թբիլիսիի Ս. Գեւորգ եկեղեցի, որտեղ վարչապետին դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ Վրաստանի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը եկեղեցու բակում ծաղիկներ է դրել Սայաթ Նովայի շիրիմին եւ կատարել մոմավառություն: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցել է փառաբանական աղոթք եւ վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել ուժ ու կորով: 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել վիրահայերին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ ուրախ է նրանց տեսնել բարձր տրամադրությամբ: «Այն հաղթանակը, որ ժողովուրդն արձանագրեց Երեւանում նաեւ ձերն է, դուք այդ հաղթանակի լիարժեք կրողն ու շահառուն եք, որովհետև այն տեղի է ունեցել ձեր հայրենիքում: Մենք զգացել ենք ձեր աջակցությունը եւ զորակցությունը, ձեր հղած բարի ցանկությունները հասել են տեղ՝ Հանրապետության հրապարակ, եւ այսօր այն համազգային ոգեւորությունը, որ տիրում է հայ ժողովրդի շրջանում, այն կերտել է ձեզնից յուրաքանչյուրն իր մտքով, իր ցանկությամբ, իր կամքով, իր սիրո եւ համերաշխության զգացումով: Հեղափոխությունը, որ տեղի է ունեցել Երեւանում՝ մենք անվանում ենք սիրո եւ համերաշխության հեղափոխություն, եւ ես այսօր այստեղ եմ եկել սիրո եւ համերաշխության ուղերձով: Ուզում եմ ասել ձեզ, որ սիրում եմ բոլորիդ, բոլորիդ միասին եւ յուրաքանչյուրիդ առանձին: Ես հպարտանում եմ ձեզնով, հպարտանում եմ՝ ձեր կամքով, հպարտանում եմ՝ ձեր աչքերի մեջ տեսնելով հայ լինելու հպարտությունը, հպարտանում եմ՝ տեսնելով Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները, հպարտանում եմ՝ համոզված լինելով, որ մեր երկրների հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են խորանալու ու ամրապնդվելու եւ հայերն իրենց ավելի լավ են զգալու Վրաստանում, իսկ վրացիները՝ Հայաստանում: Այսօր ամենաբարձր արժեքը, որ ունեն հայ եւ վրացի ժողովուրդները՝ պետականությունն է եւ անկախությունը, մենք պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, պաշտպանելու ենք սեփական հայրենիքն ու երջանիկ լինելու մեր ժողովրդի իրավունքը: Այսօր շատ են ասում, ցանկանում, մի փոքր էլ կասկածով հույս հայտնում, որ այս ամենը կբերի նոր հաջողությունների, մաղթում են, որ հիասթափություն տեղի չունենա: Չի կարող լինել հիասթափություն, որովհետեւ մենք ծառայել ենք, ծառայում ենք եւ ծառայելու ենք հայ ժողովրդին: Ես ասել եմ ու ասում եմ՝ մեր ամենամեծ առաքելությունը հող դառնալն է մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ամուր կանգնեն մեզ վրա եւ տանեն նորանոր հաղթանակներ: Հայ ժողովուրդն այլեւս երբեք չի պարտվելու, որովհետեւ հայ ժողովուրդը հաղթանակի ժողովուրդ է, հայ ժողովուրդը հպարտության ժողովուրդ է, հայ ժողովուրդն Աստծո ժողովուրդ է: Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Վրաստանը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայ-վրացական եղբայրությունը, կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ դառնալու ենք 5, 10 միլիոն»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

primeminister.am

30.05.2018

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: