01/15/2025

Վահե ավազակապետին մինչեւ վերջ դիմակազերծելն ու հայոց արդար դատաստանի առջեւ կանգնեցնելը՝ ազգային եւ համապետական խնդիր (ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին)

Վահե ավազակապետին մինչեւ վերջ դիմակազերծելն ու հայոց արդար դատաստանի առջեւ կանգնեցնելը՝ ազգային եւ համապետական խնդիր (ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին)

Հարգելի պարոն Վանեցյան

Մենք ուշի-ուշով հետեւում ենք հանրապետության ազգային անվտանգության ծառայության բացահայտումներին եւ վերստին համոզվում, որ նոր Հայաստանի նոր կառավարությունն իսկապես վստահության կառավարություն է:

Սակայն, անկեղծ լինենք, այն, ինչ բացահայտվում եւ հանրայնացվում է, գրոշ է այն ամենի համապատկերի վրա, որ 2014 թվականից ի վեր կատարվել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունում:

Իհարկե, հանրությունը նոր իշխանություններից ավելին է սպասում (եւ դա լավ օրից չէ), քան հնարավորություն են տալիս ժամանակը եւ ռեսուրսները:

Սակայն Սյունիքում տեղի ունեցած չարագործությունների բացահայտումը, հավատացեք, անկարելի է ձգձգել կամ հետաձգել, քանզի գործ ունենք ազգային ու համապետական խնդրի հետ: Ավելի ճիշտ՝ սյունիքյան չարագործությունների բացահայտումը եզակի եւ անշրջանցելի փորձաքար է համաժողովրդական սիրույն արժանացած կառավարության համար:

Գոնե մեկ հարցի պատասխան անհրաժեշտ է պարզել եւ հանրայնացնել հնարավորինս արագ. ովքե՞ր էին «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության բաժնետեր դարձած տնտեսվարող սուբյեկտների սեփականատերերը 2004-ի դեկտեմբերի 9-ին (կառավարությունն այդ օրն է որոշում ընդունել) եւ ովքե՞ր են հիմա:

Հիշեցնենք՝ պղնձամոլիբդենային հսկայի բաժնետոմսերն այդ ժամանակ ՀՀ կառավարության որոշմամբ տրվեց «Քրոնիմետ» ըկերությանը (Գերմանիա)՝ 60 տոկոս, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին՝ 15 տոկոս, «Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն» ՓԲԸ-ին՝ 12.5 տոկոս եւ «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ին՝ 12.5 տոկոս:

Եթե ինչ-ինչ պատճառով հնարավոր չէ գաղտնազերծել կատարված փոփոխությունների ամբողջական պատկերը, ապա գոնե պատասխանեք՝ ո՞վ էր «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատերն այն ժամանակ եւ ո՞վ է հիմա, ու ի՞նչ ճանապարհով է տեղի ունեցել սեփականատիրոջ փոփոխություն բաժնետեր այդ ՍՊԸ-ում:

Հավատացեք, այդ հարցերի պատասխանի հանրայնացմամբ Դուք կփարատեք հազարավոր սյունեցիների կասկածանքը, ինչպես եւ հույսի ու հավատի նոր պոռթկում կառաջացնենք նրանց մեջ առ հայրենիք ու հայոց պետություն:

Մինչ այդ թեժանում են խոսակցությունները հանքարդյունաբերական հսկայի գործունեության մեկ այլ ոլորտի շուրջ՝ նոր հանգամանքների թելադրությամբ:

Քաջարանից մեզ տեղեկացնում են, որ խտանյութ տեղափոխելու բիզնեսը նախկին իշխանավորներից մեծամասամբ եւ անցնցում փոխանցվել է նոր իշխանության մեջ գտնվող մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի, ինչին հավանաբար Դուք տեղյակ եք:

Ազգային զարթոնքի օրերին տեղացի վարորդներին մտահոգող այդ հարցը, դրանով իսկ, ոչ միայն լուծում չի ստացել, այլեւ դարձել է նոր ու անխոցելի վահան Վահե Հակոբյանի համար, ում Սյունիքում ի սկզբանե շնորհել են ավազակապետ «պատվանունը»:

Ըստ Քաջարանում շրջանառվող խոսակցությունների՝ հենց նոր Հայաստանի բարձրաստիճան այդ պաշտոնյան է իր հովանու ներքո վերցրել Վահե Հակոբյանին՝ Քաջարանի խտանյութի բեռնափոխադրումների «մանդատի» դիմաց: Հենց այդ նոր բարձրաստիճանն է, ըստ հանրային կարծիքի, խոչընդոտում Սյունիք եւ հատկապես Քաջարան ներխուժած խմբի չարագործությունների բացահայտմանը, ինչը խնդրում ենք նկատի ունենալ:

Եվ, ի վերջո, պնդում ենք, որ Վահե Հակոբյանին մինչեւ վերջ դիմակազերծելը, պետական մակարդակով վնասազերծելը եւ հայոց արդար դատաստանի առջեւ կանգնեցնելն ազգային ու համապետական խնդիր է, մանավանդ որ երկրի վարչապետն արդեն իսկ նախաձեռնել է մետաղական հանքերի ստուգում:   

Իսկ գործընթացը, կարծում ենք, պետք է սկսել Քաջարանի կոմբինատի սեփականատերերի (երեկվա եւ այսօրվա) բացահայտումից ու հանրայնացումից, այլապես ազգային մեր երազանքը, որի իրագործման ճանապարհն ենք բռնել երկարատեւ սպասումներից հետո, կարող է եւ մնալ սոսկ երազանք:

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

31 մայիսի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: