01/23/2025

ՀՀԿ-ն պատրաստ է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների եւ արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումների

ՀՀԿ-ն պատրաստ է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների եւ արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումների

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը թե ընտրական օրենսգրքում փոփոխությունների,  թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ պատրաստ է քննարկումների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը: «Սակայն մենք համարում ենք, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան քաղաքական ուժերի միջեւ: Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին: Սա են պահանջում թե ժողովրդավարական մոտեցումները, թե մեզանում ձեւավորված ավանդույթը: Մենք առաջարկ չենք ստացել, սակայն պատրաստ ենք քննարկումների»,- ասաց Հարությունյանը:

Հարությունյանն ընդգծեց, որ ողջունում են Նիկոլ Փաշինյանի արտահայտած միտքը, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմներ ներդնելուց հետո: «Մասնավորապես, մենք ողջունում ենք այն մոտեցումը, որ պետք է լինի մատնահետքերի մեկ միասնական առցանց բազա: Մենք համարում ենք, որ սա օգտակար առաջարկ է եւ պատրաստ ենք մասնակցել քննարկումների՝ պաշտպանելով այս դրույթը»,- ասաց նա՝ հավելելով, որ պաշտպանում են նաեւ ընտրական ցուցակների ճշգրտման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները:

Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ քննարկումներին՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ այն կարծիքին, որ ռեյտինգային ընտրակարգն օգտակար է:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: