01/15/2025

Հարժիսում տեղի կունենա «Սյունյաց երկրի»՝ Տաթեւ համայնքին առնչվող հրապարակումների քննարկում՝ syuniacyerkir.am կայքով՝ ուղիղ հեռարձակմամբ

Հարժիսում տեղի կունենա «Սյունյաց երկրի»՝ Տաթեւ համայնքին առնչվող հրապարակումների քննարկում՝ syuniacyerkir.am կայքով՝ ուղիղ հեռարձակմամբ

2018թ. հունիսի 1-ին Տաթեւի համայնքապետարանը հրապարակել է մի տեղեկանք՝ վերնագրված այսպես՝ ««Սյունյաց երկիր» թերթում Տաթեւ համայնքի վերաբերյալ տեղ գտած զրպարտությունների մասին»:

Այդ հրապարակմամբ համայնքապետարանը ծանուցել է, որ հունիսի 3-ին՝ ժամը 11-ին, համայնքի ղեկավարն ու ավագանու անդամները կլինեն Հարժիսում՝ քննարկելու «Սյունյաց երկրի»՝ Տաթեւ համայնքին առնչվող հրապարակումները:

Համայնքապետարանը կոչ է արել «Սյունյաց երկրի» խմբագրությանը՝ մասնակցել այդ քննարկմանը:

Հրավիրվել են նաեւ այդ հրապարակումներով հետաքրքրված այլ լրատվամիջոցներ՝ գալ ու ներկա գտնվել հանդիպում-քննարկմանը:

Համայնքապետը պատրաստակամություն է հայտնել պարզաբանումներ տալ բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր ցանկություն կհայտնեն ծանոթանալ խնդրո առարկա հարցերին, թեեւ տարածված տեղեկանքով արդեն իսկ իբր տրվել են բազմաթիվ հարցերի պատասխաններ:

Համայնքապետարանի տեղեկանքը, չնայած շարադրված է ծայր աստիճան ոչ գրագետ մակարդակով, պարունակում է բազում հարցերի թվացյալ պատասխաններ ու գնահատականներ, որոնցից ամեն մեկը, միանշանակ, առանձին քննարկման առարկա կդառնա:

Տեղեկանքում, միաժամանակ, համայքնապետարանը շրջանցել է մեր լրատվամիջոցում բարձրացված սկզբունքային մի շարք հարցեր, որոնք, իհարկե, ոչ մի դեպքում չեն կարող դուրս մնալ քննարկման շրջանակից:

Եվ, այդ բոլորով հանդերձ, «Սյունյաց երկրի» խմբագրությունը ողջունում է Տաթեւի համայնքապետարանի նախաձեռնությունը՝ քննարկելու մեր լրատվամիջոցի հրապարակումները, եւ հավաստիացնում, որ Սամվել Ալեքսանյանը՝ ե՛ւ իբրեւ լրատվամիջոցի պատասխանատու, ե՛ւ իբրեւ այդ հրապարակումների հեղինակ, կմասնակցի քննարկմանը:

Քննարկումն ամբողջապես կտեսանկարահանվի եւ կներկայացվի ընթերցողին՝ syuniacyerkir.am կայքով՝ ուղիղ հեռարձակմամբ:

Իսկ ի՞նչ հոդվածներ են հրապարակվել «Սյունյաց երկիր» թերթում եւ syuniacyerkir.am կայքում 2018-ին՝ Տաթեւ համայնքին առնչվող:

Հիշենք՝ 

  1. «Տաթեւ համայնքում կանխվել է ոռոգման համակարգի կողոպուտը, որ նախաձեռնել էր համայնքի աշխատակազմի ղեկավարը» (29 մայիսի 2018թ.),
  2. «Քաղաքացին հրավիրվել է ոստիկանության Գորիսի բաժին՝ բացատրություն տալու, թե ինչո՞ւ է համայնքապետ Մուրադից հաշվետվություն պահանջել համայնքին տրված 5 մլն դոլար գումարի օգտագործման վերաբերյալ» (30 մայիսի 2018թ.),
  3. «Հարժիսը եւ Շինուհայրը համայնքապետ Մուրադ Սիմոնյանին մեղադրում են անբանության եւ ձրիակերության մեջ՝ պահանջելով նրա հրաժարականը» (19 մայիսի 2018թ.),
  4. «Ի՞նչ հիմքով է կարճվել Տաթեւ համայնքի ղեկավարին առնչվող քրեական գործի նախաքննությունը» (19 մայիսի 2018թ.),
  5. «Երկու տարում մարզում 13 հազար հեկտարով կրճատվել է աշնանացանի ծավալը» (7 մարտի 2018թ.):

 Մինչեւ հանդիպում…

 Հ.Գ.

Դատելով տեղեկանքի շարադրանքից՝ վերստին համոզվում ենք, որ Մուրադ Սիմոնյանը լուրջ եւ անլուծելի խնդիր ունի հայերենի իմացության ու ընդհանրապես գիտելիքների առումով:

Հիշեցնենք նրան պարզագույն մի ճշմարտություն, որ ծանոթ է ամեն մի առաջին դասարանցու. զրպարտություն պարունակող արտահայտության լինել-չլինելը կարող է հաստատել բացառապես դատարանը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի շրջանակում:

Մեկ այլ հիշեցում եւս. ըստ տեղեկանքի՝ համայնքապետարանը հրավիրում է «համայնքի ղեկավարի եւ բնակչության առերեսմանը»:

Առերեսումն այս դեպքում, ըստ բացատրական բառարանների եւ համապատասխան օրենսգրքի, նշանակում է՝ «Միեւնույն գործով քննվող երկու անձի միաժամանակ եւ միասին հարցաքննություն՝ նրանց ցուցմունքները ստուգելու, դրանց մեջ եղած հակասությունները վերացնելու համար»:

Ի գիտություն Մուրադ Սիմոնյանի՝ լրատվամիջոցի հրապարակումները սովորաբար քննարկվում են՝ բայց ոչ կողմերին առերեսման բերելու միջոցով, այլ աշխարհում ընդունված կարգով: Այնպես որ՝ թերթի եւ կայքի հրապարակումները կքննարկենք ընդունված կարգով եւ բարձր մակարդակով:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: