01/18/2025

Սյունիքի մարզը, նախեւառաջ, ունի համերաշխության, համագործակցության, փոխադարձ սիրո եւ հարգանքի կարիք

Սյունիքի մարզը, նախեւառաջ, ունի համերաշխության, համագործակցության, փոխադարձ սիրո եւ հարգանքի կարիք

Ինչպես հայտարարել ենք նախապես, այսօր՝ հունիսի 3-ին, Հարժիսի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հավաք, որ նախաձեռնել էր Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը: Հավաքը (հունիսի 1-ին տարածված հայտարարության համաձայն) նպատակ ուներ հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել «Սյունյաց երկրի» վերջին հրապարակումները՝ Տաթեւ համայնքին առնչվող:

Մոտ մեկ ժամ տեւած հանդիպում-քննարկումը, սակայն, չստացվեց. այդպես են կարծում կողմերը:

Պատճառները տարբեր էին եւ առանձին խոսակցության առարկա են:

Սակայն ձախողված հանդիպումից հետո թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը  եւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանն առանձնազրույց ունեցան եւ քննարկեցին վաղորոք հայտարարված օրակարգը, ինչպես եւ Տաթեւ համայնքի առջեւ ծառացած մյուս խնդիրներ:

Ե՛վ խմբագիրը, ե՛ւ համայնքի ղեկավարն իրենց պատրաստակամությունը հայտնեցին այսուհետ ակտիվ համագործակցել համայնքի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման եւ հանրայնացման ուղղությամբ:

Ի դեպ, համայնքապետարան-լրատվամիջոց այսօրվա հանդիպումը, բոլոր թերություններով հանդերձ, աննախադեպ ձեւաչափ էր որեւէ կոնկրետ համայնքի առջեւ ծառացած խնդիրները հրապարակավ քննարկելու եւ համատեղ ուժերով լուծելու առումով:

Հանդիպում-քննարկումը, ամեն ինչից զատ, վերահաստատեց ակնհայտ ճշմարտությունը, որ Սյունիքի մարզը, նախեւառաջ, ունի համերաշխության, համագործակցության, փոխադարձ սիրո եւ հարգանքի կարիք, ինչը, ցավոք, հայտնի պաշտոնյայի կողմից անընդհատ խոչընդոտվել է տեւական ժամանակ, որը, փառք Աստծո, ներկայումս հաղթահարվում է:

Ուրեմն՝ սիրո, համերաշխության, համագործակցության միջոցով հարթենք մարզին փաթաթված խոչընդոտը եւ միասին օգտակար լինենք նորացվող Հայաստանին՝ ակնկալելով նաեւ հաղթանակած հեղափոխության առարկայացում նաեւ Սյունիքի մարզում:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: