08/04/2020

Ֆեյսբուքյան կեղծ էջերը, անանուն նյութերը չեն կարող մազաչափ անգամ ստվերել Սամվել Ալեքսանյանի անվիճելի հեղինակությունն ու լրագրողական բնատուր տաղանդը

Ֆեյսբուքյան կեղծ էջերը, անանուն նյութերը չեն կարող մազաչափ անգամ ստվերել Սամվել Ալեքսանյանի անվիճելի հեղինակությունն ու լրագրողական բնատուր տաղանդը

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, երբ օրակարգում էր կառավարության եւ մարզպետների փոփոխության հարցը, Սյունիքի մարզից մի շարք պաշտոնյաներ, այդ թվում նաեւ դպրոցների տնօրեններ, ովքեր «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսյանի դեմ ժամանակին իրավապահ մարմիններին բողոք էին ներկայացրել, փորձում էին արդարանալ, թե իրենք տվյալ իրավիճակում այլ կերպ վարվել չէին կարող, քանի որ կշեռքի նժարին դրված է եղել հետեւյալ հարցը՝ կա՛մ բողոք հորինել Ալեքսանյանի դեմ, կա՛մ լքել պաշտոնը: 

Հեղափոխությունից հետո մեծ էր հույսը, որ սիրո եւ հանդուրժողականության ալիքը Սյունիք էլ կհասնի: Սակայն վերջին օրերին սոցիալական ցանցերում միանգամից, կարծես մեկ կենտրոնի հրահանգով, մի խումբ մարդկանց մոտ «գիտակցության» զարթոնք է սկսվել, ովքեր փորձում են նկատելի դարձնել Սամվել Ալեքսանյանի «թերությունները»: 

Քավ լիցի, Սամվել Ալեքսանյանին պաշտպանելու նպատակ ամենեւին չունեմ, առավել եւս, որ նա երբեք էլ պաշտպանության կարիք չի ունեցել, քանի որ գործում է ազատ, մարդկանց ու երեւույթների վերաբերյալ իր գնահատականները տալիս սեփական պատկերացմամբ՝ առանց կաշկանդվելու՝ հրապարակումների տակ դնելով իր իսկ ստորագրությունը: 

Կարծում եմ, եթե ինչ որ մարդիկ համաձայն չեն Ալեքսանյանի մտքերի ու տեսակետների հետ, կարող են սեփական նկատառումները հայտնել ինչպես նրա խմբագրած թերթում, էլեկտրոնային կայքում, այնպես էլ այլ կայքերում, բայց ոչ թե թաքնվեն ու թաքցնեն սեփական անուն-ազգանունը:

Որպես Սյունիքով մտահոգ մարդ, դիմում եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին կամա թե ակամա հայտնվել են այդ կեղտոտ ու անբարո խաղի մեջ: Հիշեցնում եմ՝ բոլորս շարունակելու ենք ապրել Սյունիքում, իսկ մարզպետը շուտով դառնալու է անցյալ… Բայց, թե՛ Սամվել Ալեքսանյանը, թե՛ այդ «քոմենթների» հեղինակներից շատերը  շարունակելու են իրար հետ շփվել, ապրել կողք-կողքի: Պարզապես չստացվի այնպիսի մի վիճակ, երբ այդ «քոմենթների» հեղինակները մի օր էլ հանդես գան մեղայականով, թե այդ ամենը սոցցանցերում գրել են ստիպված ու հարկադրաբար: Որքան էլ փորձ է արվում թաքնվել «քոմենթների» հետեւում՝ մատուցվող նյութերի ձեռագիրը հստակ է, ոճը՝ հասկանալի, պատվիրատուն՝ պարզ: 

Սամվել Ալեքսանյանի հոդվածներն ուղղված են Սյունիքի բարօրությանը, սյունեցու բարեկեցությանը եւ ճշմարտության վերհանմանը, իսկ այդ ամենի առանցքում սյունեցու արժանապատվությունն է: Նրա արտահայտած մտքերի հետ կարող ենք եւ չհամաձայնել (եղել են դեպքեր՝ ինքս էլ չեմ համաձայնել), բայց, ի պատիվ Ալեքսանյանի, նա հնարավորություն է տալիս արտահայտել նաեւ հակառակ տեսակետը:

Ուստի, եթե ինչ որ հարցում անհամաձայնություն կա նրա հետ, արձագանքենք ուղղակի. անսխալական մարդ չկա, ընդհակառակը՝ բանավեճերից կծնվեն առավել առողջ ու կառուցողական մտքեր:

Վերջում մեկ անգամ եւս կոչ-հորդոր՝ դադարեցրեք բամբասանքը վիրտուալ աշխարհում եւ վերադարձեք իրական կյանք, միասին քննարկենք մեզ մտահոգող հարցերը: Մանավանդ որ ֆեյսբուքյան հարյուրավոր կեղծ էջեր, հազարավոր անոնիմկաներ միասին վերցրած Սամվել Ալեքսանյան քաղաքացու, լրագրողի, խմբագրի, իր երկրամասի նվիրյալի հեղինակությունը մազաչափ անգամ չեն կարող իջեցնել ու նրա լրագրողական բնատուր տաղանդը կասկածի տակ դնել:

Ուրեմն՝ զերծ մնաք նրա պահանջված ներկայությունը չհանդուրժելու հիվանդագին գործելակերպից, նախանձից, նրան արժանավոր մրցակից չդառնալու չարությունից, այլ հպարտանանք, որ ունենք Սամվել Ալեքսանյան փնտրված լրագրող:

haynews.am

Հարգանքով՝ 

Մհեր Եղիազարյան  

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: