08/04/2020

Թավշյա հեղափոխության մեն մի արդյունքը Սյունիքում. մարզպետին փոխադրող թռչող սարքն այլեւս չի սավառնում մարզի երկնակամարում

Թավշյա հեղափոխության մեն մի արդյունքը Սյունիքում. մարզպետին փոխադրող թռչող սարքն այլեւս չի սավառնում մարզի երկնակամարում

Սյունիքի մարզպետը Հայաստանի, եթե ոչ ամբողջ աշխարհի, միակ պաշտոնյան էր, ով մեկուկես տարի շարունակ «աշխատանքի» էր հաճախում ուղղաթիռով:

Հանրապետության ղեկավարությունը դրանից չէր զարմանում կամ զայրանում այն բանից հետո անգամ, երբ մարզի բնակիչները փորձում էին ուշադրություն հրավիրել այդ արտառոցության վրա:

Սակայն մեկ ամիս է, ինչ մարզպետին փոխադրող սարքը չի երեւում մարզի օդային տարածքում:

Դա, ի դեպ, Երեւանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության առայժմ միակ արդյունքն է Սյունիքում:

Հեղափոխության այդ արդյունքը, մինչդեռ, նաեւ բացասական հետեւանքներ ունի:

Ուղղաթիռով մարզպետը գոնե երբեմն-երբեմն գալիս էր մարզ, իսկ հիմա գնացել է ջհաննամի ծոցն ու մոռացվել ե՛ւ մարզում, ե՛ւ կառավարությունում:

Մյուս կողմից, որ շատ ցավալի է… մարզի փոքրիկ բնակիչներն են տխրել. ժամանակ առ ժամանակ երկնքում թռչող սարքը տեսնելով՝ ուրախանում էին, զվարճանում, նրա ստվերի հետ վազվզոց խաղում: Իսկ հիմա, ավա՜ղ, զրկվել են գեղեցիկ այդ տեսարանը դիտելու հաճույքից:

Այդ ամենին, անշուշտ, կարելի էր եւ չանդրադառնալ, բայց…

Երեկ՝ հունիսի 4-ին, Կապանի հորիզոնում նորից թռչող սարք է երեւացել, ինչը շարժել է ոչ միայն նախադպրոցականների հետաքրքրությունը:

Ուղղաթիռը տեսնողներն անմիջապես ենթադրություն հայտնեցին՝ աներես մարզպետն է գալիս նորից… Քիչ հետո պարզվել է, որ ուղղաթիռը մարզի անտառներում դեղամիջոցներ սփռելու ազնիվ առաքելությամբ է սավառնում հորիզոնում…

Ասել է թե՝ հեղափոխության սյունիքյան մեն մի արդյունքն անվիճելի է, բացարձակ է՝ Վահեն այլեւս ուղղաթիռով չի գալիս մարզ, ինչը նշանակում է, որ նա վերջնականապես դարձել է հուշիկ, տխուր հուշիկ:

Եվ, ի վերջո, թող մի քանի օր էլ ձգձգեն նրա ազատումը, հո հինգ ժամ չի՞ տառապելու մեքենայում, թե ինչ է Սյունիք է հասնում: Համ էլ … մարզպետ ասվա՞ծը որն է Սյունիքում, մեկուկես տարի կանոնավոր չի եկել աշխատանքի, թող հիմա էլ չգա…

«Սյունյաց երկիր»   

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: