08/08/2020

ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանել է «Սյունյաց երկրի» հարցմանը

ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանել է «Սյունյաց երկրի» հարցմանը

syuniacyerkir.am կայքում ս.թ. մայիսի 22-ին հրապարակվել է թերթի խմբագրի նամակը՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

Նամակը հրապարակվել է նաեւ «Սյունյաց երկիր» թերթի տպագիր օրինակում (31 մայիսի 2018թ.):

Խոսքն այն մասին էր, որ մարզպետը պետական սեփականություն հանդիսացող հիմնադրամից պարտքով 300 մլն դրամ է հատկացրել իր ղեկավարած մյուս՝ մասնավոր հիմնադրամին. այդ գումարը վերադարձվե՞լ է Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամին:

Մեր նամակին պատասխանել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Գեւորգյանը:

Պատասխանի ամենաուշագրավ բացահայտումներից մեկն այն է, որ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը 2016-18թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից միջոցներ չի ստացել: Այդ դեպքում նոր հարց է ծագում՝ իսկ որտեղի՞ց է 2016թ. դեկտեմբերին գումարներ ստացել Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամը:Էդգար Գեւորգյանի պատասխանը՝ ստորեւ:

«Սյունյաց Երկիր» թերթի խմբագիր պարոն Սամվել Ալեքսանյանին

Հարգելի պարոն Ալեքսանյան,

Ձեր կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն հասցեագրված 22.05.2018թ. գրության առնչությամբ հայտնում ենք հետեւյալը.

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 37-րդ հոդվածի համաձայն՝ օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով հիմնադրամը վարում է հաշվապահական հաշվառում եւ ներկայացնում է ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն:

Օրենքի 38-րդ հոդվածի համաձայն՝ հիմնադրամի կողմից Օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին եւ ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգին համապատասխան:

Օրենքի 39-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամն http://www.azsarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի եւ հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե  նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից եւ ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում:

Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին այդ մասին չծանուցելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

Վերը հիշատակված իրավանորմերի վերլուծության համաձայն՝ հիմնադրամը սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում եւ պարտավոր է յուրաքանչյուր տարի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից սահմանված ձեւով եւ կարգով հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին, որը, ի թիվս այլ տեղեկատվության, ներառում է տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի վերաբերյալ: Հետեւաբար, հիմնադրամներին ֆինանսական հաշվետվություններ հրապարակելուն պարտավորեցնելու գործառույթներ, լծակներ ՀՀ ֆինանսների նախարարությունը չունի:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին 2016-2018 թվակաների ընթացքում ՀՀ պետական բյուջեից ֆինանսական միջոցներ չեն հատկացվել:

Հարգանքով՝

Էդգար Գեւորգյան  

31 մայիսի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: