08/11/2020

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հնարավորությանը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հնարավորությանը

 ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հնարավորությանը: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հարցին, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված խնդիր կա, եւ իրենք այդ հարցերով զբաղվում են:

«Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք շատ բարձր գնահատեցինք այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանին գազ մատակարարում է բավականին էժան գնով: Բայց ես ասացի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար կարեւոր է ոչ թե այն, թե ինչ գնով է Ռուսաստանը Հայաստանին գազ մատակարարում, այլ այն, թե ինքը իր տանը ինչ գնով է սպառում այդ գազը: Հայաստանի քաղաքացին այսօր չի զգում, որ Ռուսաստանի էժան գազ է սպառում, եւ ես կարծում եմ, որ այստեղ կարող են լինել որոշակի անարդյունավետ կառավարման՝ ընդհուպ մինչեւ կոռուպցիոն ռիսկեր: Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանի իշխանությունը ըմբռնմամբ է մոտենում, որ մենք այս հարցերով լրջությամբ զբաղվենք եւ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետը:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ հարցին՝ վարչապետն ընդգծեց, որ այստեղ եւս խնդիրներ կան, որով կառավարությունը զբաղվում է: «Ես ուղղակի չեմ ուզում ժամանակից շուտ որեւէ հայտարարություն անել, բայց հավաստիացնում եմ, որ մենք այս հարցերով լրջորեն զբաղվում ենք եւ հույս ունենք, որ այդտեղ կունենանք կոնկրետ արդյունքներ»,- եզրափակեց Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: