08/11/2020

Չախկալները պատերազմի են դուրս եկել Առյուծի դեմ

Չախկալները պատերազմի են դուրս եկել Առյուծի դեմ

Մոտ տասը օր է, ինչ Կապանում եւ Քաջարանում ընթանում է մի գործընթաց, որը կարելի է բնութագրել որպես դատարկաբանությունների, չարախոսության, նախանձի փառատոն:

Անանուն «չախկալների» մի խումբ՝ ֆինանսավորվելով բոլորին հասկանալի աղբյուրից,  «խաչակրաց» արշավանք է սկսել Սյունիքում կատարվող իրադարձություններն անկողմնակալ եւ անաչառ ներկայացնող, Սյունիքի եւ սյունեցիների թասիբը պահող «Սյունյաց երկիր» թերթի ու syuniacyerkir.am կայքի դեմ:

Չարախոսությունների շարանը տարածվում է ֆեյսբուքյան (նորաստեղծ) կեղծ էջերով՝ անանուն կամ կեղծ ստորագրությամբ նյութերի տեսքով, ստոր զրպարտությամբ, ստահոդ մեկնաբանություններով, ակնհայտ ստերով: 

Կարելի է նաեւ չզարմանալ (եւ մենք չենք զարմանում ու զայրանում), որովհետեւ բոլորս ենք ականատես, թե ինչպես է տխրահռչակ, այլեւս նախկին մարզպետ Վահե Հակոբյանն իր մարզպետության մոտ մեկ տարի ութ ամսվա ընթացքում Սյունիքում կազմակերպել նախադեպը չունեցող մի լայնածավալ արշավ խոսքի ազատության դեմ՝ գլխավոր թիրախ հայտարարելով «Սյունյաց երկիր» թերթը: Դա այնպիսի մի արշավ էր, որին կնախաձեին նույնիսկ միջնադարյան բռնապետական ռեժիմները: 

Մարզպետ կարգվելուց հետո՝ սկզբնական շրջանում, այն տպավորությունն էր, որ նորանշանակ մարզպետը ցանկություն ունի աշխատել թափանցիկ, եւ լրատվամիջոցների, այդ թվում՝ «Սյունյաց երկիր» թերթի միջոցով հասանելի լինել մարզի բնակչությանը ու հասարակությանը տեղյակ պահել իր ծրագրերի, մարզում կատարվող աշխատանքների մասին: Կարճ ժամանակ անց, սակայն, պարզ դարձավ, որ Վահե Հակոբյանն ամենեւին էլ նման ցանկություն չունի, առավել եւս այնպիսի անաչառ լրատվամիջոցի պարագայում, ինչպիսին «Սյունյաց երկիր» թերթն է:  

Հետագայում, իհարկե, Վահե Հակոբյանի գովաբանման գործին լծվեցին կամակատար որոշ լրատվամիջոցներ, որոնք բնակչությանը ներկայացնում էին միայն մարզպետի ցանկություները եւ այսպես կոչված «գերազանց աշխատանքը»:

Դա էլ հասկանալի էր, քանզի մարզպետն իր պաշտոնեական պարտականությունների կատարումը համատեղել էր Զանգեզուրի ՊՄԿ-ում իրականացվող ստվերային գործունեության հետ, եւ բնական է, որ երբեք էլ չէր ցանկանա գործ ունենալ անկախ ու անկողմնակալ լրատվամիջոցի՝  «Սյունյաց երկիր» թերթի հետ:

Մարզպետի պաշտոնում չկայանալով եւ կարճ ժամանակում մարզում չընդունված կերպար դառնալով, չգիտես ինչու, նա իր բոլոր անհաջողությունները կապեց «Սյունյաց երկիր» թերթի, մասնավորապես թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի մասնագիտական գործունեության հետ: Եվ ահա հիմք ընդունելով իր սուբյեկտիվ կարծիքը՝ թերթի ու նրա խմբագրի դեմ սկսեց կատարել բազմաթիվ եւ բազմաբովանդակ ստոր քայլեր, որոնց քաջատեղյակ է մարզի ողջ բնակչությունը:

Ինչ վերաբերում է «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին, ապա ասենք, որ Սյունիքում եւ հանրապետությունում շատերն են ճանաչում նրան եւ ճանաչում են որպես կայացած, երկար տարիների փորձ ունեցող, անաչառ ու անկողմնակալ, հզոր մտքի տեր լրագրող, ով կարողացավ իր եւ իր գլխավորած թերթի դեմ վերջին 1,5 տարվա ընթացքում ծավալված աննկարագրելի հալածանքների պայմաններում լրատվամիջոցը պահել բարձր մակարդակի վրա, մնալ անաչառության իր կերպարի մեջ եւ ունենալ ընթերցողների լայն շրջանակը:

Վերջին օրերին, սակայն, մի նոր ստորության ականատես դարձանք. Սամվել Ալեքսանյանի դեմ՝ ֆեյսբուքյան կեղծ էջերով (գովազդային խողովակներով), վայրահաչության մի շքերթ սկսվեց: Դա միանշանակ վկայում է այն մասին, որ ընդդեմ «Սյունյաց երկիր» թերթի ու նրա խմբագրի հերթական անգամ խոշոր գումար է դրվել: Եվ եթե հետադարձ հայացք ձգենք, ապա կտեսնենք, որ ամիսներ առաջ էլ խոշոր հակերային հարձակման էր ենթարկվել  syuniacyerkir.am կայքը, որը նույնպես հսկայական (հարյուր հազարավոր դոլարների հասնող) գումարային ծախս է պահանջել, որ 2018թ. հունվարին ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում՝ քրոջ հուղակավորությանը մեկնած Սամվել Ալեքսանյանի դեմ մահափորձի կազմակերպումը նույնպես շատ ավելի մեծ փող արժեր: Եվ, բնականաբար, հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ երեք դեպքում էլ փողի աղբյուրը նույնը  չէ: Մեկնաբանությունը թողնում ենք ընթերցողին…

Համենայնդեպս՝ շատ ցանկալի է, որ երկրի վարչապետ, մեծարգո Նիկոլ Փաշինյանը կարողանար ժամանակ գտնել եւ պատկան մարմիններից տեղեկատվություն պահանջել 2018թ. հունվարին Միչուրինսկ քաղաքում կատարված հիշյալ դեպքի վերաբերյալ ու պաշտոնական դիմումով ՌԴ ղեկավարներից խնդրել՝ գտնելու Սամվել Ալեքսանյանի դեմ կատարված մահափորձի մասնակիցներին, որով եւ վերջակետ կդրվեր այդ դավադրության պատմությանը:

Սամվել Ալեքսանյանին մարզում եւ հանրապետությունում շատ-շատերն են ճանաչում որպես մարզային լրատվական դաշտի «Առյուծ», իսկ չախկալների հարձակումն «Առյուծի» վրա որեւէ ազդեցություն ունենալ չի կարող, ընդհակառակը՝ նրանք բոլորը կպատառոտվեն:

Հ.Գ. 

Մարզպետ Վահե Հակոբյանի անօրեն կեցվածքի եւ հատկապես թավշյա հեղափոխության ընթացքում նրա պահվածքի վերաբերյալ անհանդուրժող կեցվածքս եւ լրատվամիջոցներում իմ հրապարակումները սկիզբ դրեցին նույն տեղից հովանավորվող եւ ֆինանսավորվող՝ ֆեյսբուքյան (հիմնականում կեղծ) էջերով իմ հասցեին տարածվող չարախոսությունների ու զրպարտությունների մի ամբողջ շարքի, որը, համոզված եմ, ավելի մեծ թափ կառնի այս հրապարակումից հետո…

Այնուամենայնիվ, ինձ համար արդարության եւ մեր երկրի ու մեր մարզի նկատմամբ պատասխանատվության զգացումը շատ ավելի թանկ է, քան զազրախոսություններից վախենալը:

Համոզված եմ՝ մեկ-երկու օրվա ընթացքում կփոխվեն ժամանակները, հեղափոխության շունչը կթափանցի նաեւ Սյունիք, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը:

 

ԼԵՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» 

հիմնադրամի Կապանի մասնաճյուղի դասախոս, 

մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: