01/24/2025

Եթե կողմերը որոշեն բանակցային գործընթացում ներառել ԼՂ-ն, մենք կհարգենք այդ որոշումը. Լավրով

Եթե կողմերը որոշեն բանակցային գործընթացում ներառել ԼՂ-ն, մենք կհարգենք այդ որոշումը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կհարգի այդ որոշումը, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը բանակցային գործընթացում ԼՂ ներկայացուցիչների ներգրավման շուրջ պայմանավորվածության գան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ժամանակ ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Լրգրողը հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ինչին ի պատասխան Լավրովն ասաց. «Ռուսաստանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Այն է՝ խնդրի կարգավորումը Մինսկի խմբի միջոցով, որի անդամ է նաեւ Հայաստանը: Մենք համոզված ենք, որ դա օպտիմալ ձեւաչափ է»:
Նա նշեց, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը մշտապես ձգտել է ստեղծել պայմաններ, որոնք թույլ կտան Բաքվին ու Երևանին գալ պայմանավորվածության:

«Այդ աշխատանքը շարունակվում է երկար տարիներ, եղել են տարբեր փուլեր: Ընդ որում, որոշ փուլերի ժամանակ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցել են այդ գործընթացին: Հետագայում կողմերի պայմանավորվածություններով ձեւաչափը փոխվեց»,- նկատեց Լավրովը:

«Եթե կողմերը պայմանավորվածության գան որեւէ փուլում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը կրկին կներկայացվի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, եւ մենք կհարգենք այդ որոշումը»,- հայտարարեց ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: