01/14/2025

Կարեն Համբարձումյան. «Շնորհակալություն ջերմ ընդունելության եւ բարեմաղթանքների համար, լծվենք աշխատանքի` ի շահ Սյունյաց աշխարհի»

Կարեն Համբարձումյան. «Շնորհակալություն ջերմ ընդունելության եւ բարեմաղթանքների համար, լծվենք աշխատանքի` ի շահ Սյունյաց աշխարհի»

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Սյունիքի հասարակությանն ու մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանին: Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցում էին համայնքապետերը, մարզպետարանի վարչությունների եւ բաժինների պատասխանատուները, զինվորական կառույցների եւ իրավապահ մարմինների ղեկավարները: 

Նախարար Սուրեն Պապիկյանը նախեւառաջ ներկայացրեց մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները` նաեւ նշելով, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ենք ստացել կառուցել ժողովրդավարական պետություն: Իսկ քաղաքակրթական այդ հանգրվանին հասնելու համար պիտի սկսենք տեղական ինքնակառավարման մարմիններից: Ըստ այդմ` ընդգծեց նախարարը, կարեւորվում է համայնքային աշխատանքների թափանցիկությունը, մարդկանց հետ պարզ շփման գործելակերպը: Խոսքը վերաբերում է մարդկանց` համայնքային բյուջեին տեղյակ լինելուն, նաեւ համայքներին տրվող լրավճարներին իրազեկ լինելուն:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` Սուրեն Պապիկյանը նշեց, որ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը շուտով մարզպետարաններին եւ համայնքների ղեկավարներին կուղարկի մի աշխատակարգ, ըստ որի` անհրաժեշտ կլինի այսուհետ ձեւավորել համայնքային սեփականություն հանդիսացող հողերի եւ գույքի օտարման տարեկան պլան, ինչը լուծելու է մի քանի խնդիր: Արդյունքում` նախեւառաջ հանրությունը քաջատեղյակ է լինելու, թե իր համայնքն իրականում ինչքան հողային ֆոնդ եւ գույք ունի` օտարման ենթակա, ինչի համար է օտարվում, ուր են գնալու օտարված գույքից ստացված գումարները եւ նման այլ հարցեր, որոնք նախկինում հասարակության համար եղել են անհասանելի:

Այնուհետեւ Սուրեն Պապիկյանը շնորհավորեց Կարեն Համբարձումյանին, նրան բեղմնավոր աշխատանք մաղթեց, դահլիճում գտնվողներին` մարզպետի հետ սերտ համագործակցություն, Սյունյաց աշխարհին` շենություն: Նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի  Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` բարձր քաղաքական պաշտոնն իրեն վստահելու համար եւ հավաստիացրեց, որ հուսախաբ չի անի: Իսկ հաջողության հասնելու գրավականը համարում է բոլոր օղակների համակարգված եւ համատեղ աշխատանքը:

«Շնորհակալություն ջերմ ընդունելության եւ բարեմաղթանքների համար, լծվենք աշխատանքի` ի շահ Սյունյաց աշխարհի եւ ի փառս մեր հայրենիքի հզորացման», - իր խոսքն այսպես եզրափակեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը:

Պաշտոնակալության արարողության տեսագրությունը կարող եք դիտել syuniacyerki.am կայքի ֆեյսբուքյան էջում:

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: