01/13/2025

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անբացատրելի նահանջը, որին նոր իշխանությունը չի շտապում գնահատական տա

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի  անբացատրելի նահանջը, որին նոր իշխանությունը չի շտապում գնահատական տա

Խոշոր հարկատուների ցուցակը եղել եւ մնում է յուրօրինակ բարոմետր հանրապետության տնտեսվարող սուբյեկտների գործունեության արդյունավետությունը եւ շահավետությունը գնահատելու համար:

Տարիներ շարունակ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը եղել է ոչ միայն թիվ 1 հարկատուն Հայաստանում, այլեւ պետբյուջեին ամենաշատ հարկ վճարող ընկերությունը: Մաքսիմ Հակոբյանի ղեկավարման տարիներին, ասենք 2013-ին, ընկերությունը պետությանն էր վճարել 37.9 մլրդ դրամ, 2012-ին՝ 31.7 մլրդ դրամ:

Հետո եկավ ավազակախումբը. մոտ երեք անգամ ավելացվեց հանքանյութի արդյունահանումը՝ առանց Արծվանիկի պոչամբարի հնարավորությունները հաշվի առնելու, բայց զգալիորեն պակասեցվեց վճարվող հարկերի չափը: 

2016-ին, օրինակ, 29 մլրդ դրամով պակաս հարկ վճարվեց պետությանը, քան 2013-ին:

Եվ 29 մլրդ դրամով պետական հարկերը մեկ տարում պակասեցնելու «սխրագործության» համար Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ, իսկ Մհեր Պոլոսկովը ստացավ Անանիա Շիրակացի մեդալ:

2017-ի արդյունքներով կոմբինատը շարունակեց հեռու մնալ այն բնագծից, որ նվաճել էր Մաքսիմ Հակոբյանը. պետությանը վճարվեց 18.7 մլրդ դրամ (2013-ին վճարվածի կեսի չափ):

Հիմա ընդունված է պատճառաբանել, թե դա պայմանավորված է եղել բացառապես Լոնդոնի մետաղների բորսայում գունավոր մետաղների գների անկմամբ, ուրիշ պատճառներ իբր չկան:

Գները, իհարկե, որոշիչ են նաեւ այս դեպքում: Սակայն, կրկնենք, գների անկմանը զուգահեռ մոտ երեք անգամ կոմբինատի սկզբնական հզորության համեմատ ավելացել է հանքանյութի արդյունահանումը:

Հետեւաբար՝ ինչպե՞ս բացատրել «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կողմից պետությանը վճարվող հարկերի այդչափ նվազումը:

Եվ, գլխավորը, հանրապետության մետաղական հանքերում վարչապետի նախաձեռնությամբ սկսվող ստուգումները կտա՞ն այդ հարցի պատասխանը, կպարզաբանե՞ն, թե ինչպես ստացվեց, որ լեռնահանքային կոմբինատի սեփականատերերի փոփոխություն տեղի ունեցավ. ովքե՞ր էին եւ ովքե՞ր են հիմա:

Իրավիճակի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար հիշեցնենք, որ ավազակախմբի տնօրինությանն անցած կոմբինատը հիմնականում ձեռք է քաշել մարզում սոցիալական ծրագրեր իրականացնելու՝ պետության առջեւ ստանձնած պարտավորությունից, ավելի է վատացրել տարածաշրջանի բնապահպանական վիճակը, գործնականում բոյկոտել է արդյունահանող ճյուղերի թափանցիկության ապահովման վերաբերյալ միջազգային նախաձեռնությունը՝ իրականում դառնալով պետություն պետության ներսում: Ասվածը հավաստող միայն մեկ փաստ. ազգային զարթոնքի օրերին (2018թ. ապրիլ) հենց կոմբինատից էին վարձկաններ ուղարկվել Կապան՝ ցուցարարներին ահաբեկելու եւ ծեծելու համար (տեսանյութը տարածված է համացանցում), եւ, որքան էլ զարմանալի է, մինչեւ հիմա Վահե Հակոբյանը, Մհեր Պոլոսկովը, Նարեկ Ամբարյանը, Զարուհի Տոնապետյանն ու իր թիկնապահը չեն հարցաքննվել եւ պատասխանատվության կանչվել:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ   

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: