01/24/2025

Ա .Բ.-ին

 Ա .Բ.-ին

     …Ե՛վ բառերի համար քո մարմարյա,    

 Հնամենի, բուրյան, որպես մեր հին   

 Քարաքանդակ անդուռ մատուռների     

Անջընջելի գրերն հնադարյան, -   

 Եվ մյուռոնի նման սրբազնագույն     

Քո երկերի մաքուր սկիհներում պահված   

 Խորհուրդների համար մշտահըմա,    

 Որպես խորհուրդը մեր նաիրական ոգու, -   

 Քո «Միրհավի» համար- և լուսեղեն՝     

Արփենիկի հուշով սրբագործված հավետ,      

«Ալպիական ծաղկի» այն բուրավետ,      

Որ բուրելու է հար աննյութեղեն, -   

 Եվ վերջապես քո վեհ, հերոսական     

«Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ   

 Սև ցելերի վրա մեր գոյության այս սև,    

 Շաղում է շողք ու սերմ անանձնական, -   

 Այս ամենի համար, - և «Ծիրանի»      

Հազարամյա փողի՛ համար քո այն,      

Որ դարերո՛վ տենչած խաղաղության   

 Երգն է հնչում, - և մեր ժողովուրդը քանի     

Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո՝   

 Հնչելու է երգեր եղբայրական, -     

Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ   

 Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով…     

Այս ամենի համար, - և քո եղերական     

Տառապանքի համար, որ արդ կրկին     

Վեհություն է խառնում քո անաղարտ երգին -   

 Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական…     

Եվ ներբողում եմ քեղ ահա կրկին անեղծ     

Իմ շուրթերով, ինչպես օրեր առաջ, -   

 Երբ դեռ դու ա՛յր էիր մի անարատ,      

Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ…                               

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ (1936) 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: