01/13/2025

Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի առեղծվածը

Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի առեղծվածը

Հանրապետության կառավարության 2016թ. դեկտեմբերի 15-ի N 1299-Ն որոշմամբ ստեղծված Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի ֆինանսական գործունեությունը շարունակում է մնալ վահեհակոբյանական օրերի սյունիքյան առեղծվածներից մեկը:

Ինչպես արդեն ասել ենք, 2016թ. դեկտեմբերի 27-ին Վահե Հակոբյանը հայտարարել է, թե Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամին փոխանցված մոտ 300 մլն դրամն ուղղվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին՝ պարտքով վերադարձնելու պայմանով:

Հակառակ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի՝ Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի 2016թ. հաշվետվությունը չկա սահմանված  պաշտոնական կայքում՝ azdarar.am-ում, ուստի եւ չենք կարող ասել, թե իրականում որքան գումար է 2016-ին մուտք եղել հիմնադրամ եւ ինչ նպատակով են կատարվել ծախսերը:

Իսկ 2017թ. հաշվետվությունը դրված է azdarar.am կայքում: Մուտք է եղել մոտ 444 մլն դրամ. նշված են նաեւ կազմակերպությունները, անհատները, որոնք հիմնադրամին գումար են փոխանցել: 

Սակայն, հակառակ նշված օրենքի, հաշվետվության մեջ չի արտացոլվում, թե ինչ նպատակով է ծախսվել այդ գումարը: Ասվում է միայն, որ կանոնադրական նպատակների իրականացմանն ուղված ծախսերը կազմել են 365 մլն դրամ՝ չմանրամասնելով (հակառակ գործող օրենքի), թե կոնկրետ ինչ նպատակով են ծախսեր կատարվել:

Ոչ մի խոսք այն մասին, թե ինչ ճակատագիր է ունեցել 2016թ. դեկտեմբերին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին պարտքով տրված 300 մլն դրամը: 

Կարծում ենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Սյունիքի մարզի բնակչությանը կասի, թե 2016 եւ 2017 թվականներին որքան մուտքեր եւ ծախսեր է (կոնկրետ ուղղություններով) ունեցել Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամը, որը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, որի ղեկավարը եղել եւ մնում է Վահե Հակոբյանը:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: