01/24/2025

ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ծանոթացել է Իլհամ Ալիեւի հետ

ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ծանոթացել է Իլհամ Ալիեւի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է Հայաստանի վարչապետ Նիկել Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ֆուտբոլային հանդիպումից հետո Ռուսաստանի  նախագահը փոքր ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորմատով, այնտեղ ներկա էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը,  եւ Ռուսաստանի նախագահը մեզ ծանոթացրեց: Մենք պարզապես ծանոթացանք։ Դա նույնպես տեղեկատվություն է, որ դուք պետք է իմանաք: Որեւէ այլ խոսակցություն, բովանդակային շփում տեղի չունեցավ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ամփոփեց նաեւ Մոսկվա կատարած այցը՝ նշելով, որ շատ բարձր է գնահատում այն: «Կարող եմ ասել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ մի քաղաքական խոչընդոտ չկա եւ մնում է ընդամենը այդ պոտենցիալն իրականացնել եւ հարաբերությունների զարգացման վրա աշխատել»,- ասաց նա։

Վարչապետը կարեւորեց հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը՝ ընդգծելով, որ այն արտահայտում էր այն ոգեւորության մթնոլորտը, որ առկա է ՌԴ հայ համայնքի անդամների մոտ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո:

Փաշինյանը խոսեց նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման մասին: «Ռուսաստանի վարչապետի հետ մեր առաջին հանդիպումն էր, սա ճանաչողական հանդիպում էր, որն անցավ ջերմ մթնոլորտում: Մենք քննարկել ենք հայ-ռուսական երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր։ Հայ-ռուսական հարաբերություններում շատ լավ տրամադրություն է հաստատված եւ փոխադարձ վստահության կարեւոր մակարդակ կա, որը մենք անպայման կզարգացնենք»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: