01/24/2025

Ամուլսարի վերաբերյալ հերթական ապատեղեկատվության մասին

Ամուլսարի վերաբերյալ հերթական ապատեղեկատվության մասին

  Վերջին օրերին համացանցում տարածվեցին տեսանյութեր, որոնք պարունակում են ուղղորդված ապատեղեկատվություն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ: Տեսանյութերից մեկում երևում է դեռեւս չկառուցված արտադրական ավազաններից մեկը, որը ներկայացվում է որպես պոչամբար: Տեսանյութի հեղինակը մատնանշում է գեոմեմբրանը, որն իբրեւ թե կայուն չէ անձրեւաջրերի նկատմամբ:

Նախ՝ Ամուլսարի ծրագիրը պոչամբար չունի: Արտադրական ավազանը պոչամբար չէ: Այն պահելու է ոչ թե թափոններ, այլ ոսկով հագեցած արտադրական հեղուկը և արտահոսքը բացառվում է թե՛ բնապահպանական, թե՛ տնտեսական նպատակով:

Երկրորդ՝ արտադրական ավազանը դեռեւս կառուցման ընթացքում է, և գեոմեմբրանը միայն մասամբ է այն ծածկում՝ ինչը հստակ երեւում է այդ տեսանյութում: Անձրեւային եղանակի դադարից հետո ավազանն ամբողջությամբ մեմբրանով ծածկելու աշխատանքները կավարտվեն, որից հետո բնականաբար ամբողջությամբ ծածկված մեմբրանի տակ ջուր չի կարող կուտակվել:  Ավելին՝ հենց այն հանգամանքը, որ դեռեւս կիսատ տեղադրված մեմբրանի բաց հատվածից լցված անձրեւաջուրը կուտակվել է եւ չի ներծծվել, խոսում է այն մասին, որ մեմբրանի տակ տեղադրված շերտն այնքան ամուր է, որ կանախում է ջրի ներթափանցումը նույնիսկ մեմբրանի տակից:

Մեկ այլ տեսանյութում նկարահանվել է անձրեւաջրերից վարարած Արփա գետը, եւ հեղինակը պնդում է, որ Ամուլսարի տարածքից այնտեղ հոսող ջրերի հետևանքով գետի հոսքից ներքեւ գտնվող ձկնաբուծարանում ձկներ են սատկել: Ձկնաբուծարանի տերը՝ Լավրենտ Հակոբյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ ձկնաբուծարանին վնաս է հասցվել: Կցում ենք տեսանյութ, որտեղ երեւում են ձկնաբուծարանի ավազանները: Նույն տեսանյութում կարող եք տեսնել նույն հատվածում Արփա գետի լիովին մաքուր հոսքն՝ այսօր:

Ամուլսարի տարածքում թունավոր աղտոտիչներ չկան: Ծրագիրը դեռեւս շինարարության փուլում է, չկա արտադրական ոչ մի գործընթաց: Մի քանի օր տեւած հորդառատ անձրեւների հետեւանքով թարմ կառուցված ջրահեռացման ուղիների մակերեսից լվացվել էր հողը, ինչի պատճառով տվյալ հատվածում հոսքը պղտորվել էր: Դրանք աղտոտիչներ չեն եղել, ինչպես ներկայացվում է տեսանյութում, այլ՝ հողաջուր: Հանքի ենթակառուցվածքների եւ ջրերի կառավարման բոլոր համակարգերի վերջնական կառուցումից հետո Ամուլսարի տարածքում ենթակառուցվածքների հետ շփվող բոլոր ջրերը ուղղորդվելու են եւ հավաքվեն՝ բացառելով ցանկացած չկառավարվող արտահոսք, ինչպես եւ նախագծված է:

Ցավալի է, որ կեղծիքը եւ ամեն գնով գոյություն չունեցող «աղետներ» ներկայացնելու նպատակը որոշ մարդկանց ու կազմակերպությունների համար դարձել է մշտական գործելաոճ: Ապատեղեկատվության տարածումը ոչ միայն չի բխում բնապահպանական իրական խնդիրների վերհանման շահերից, այլեւ խանգարում է դրան՝ շեղելով իրականում լուրջ խնդիրներից:   

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: