01/25/2025

Երեւանում գիշերվանից բողոքի ցույցեր ու բախումներ են՝ ի պաշտպանություն Մանվել Գրիգորյանի

Երեւանում գիշերվանից բողոքի ցույցեր ու բախումներ են՝ ի պաշտպանություն Մանվել Գրիգորյանի

Գիշերվանից ԵԿՄ-ականները ԱԱԾ-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, որի ժամանակ գիշերը տեղի էր ունեցել բախում կարմիրբերետավորների և ազատամարտիկների միջև:

Այսօր առավոտից բողոքի ցույցերը շարունակվում են: ԵԿՄ-ականներն ու Մանվել Գրիգորյանի կողմնակիցները նրա ձերբակալումն անօրինական են համարում, նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին, որը ձերբակալվել էր երեկ՝ մեծ քանակությամբ զենք-զինամթերք ձեռք բերելու եւ դրա ապօրինի պահման համար:

Մ. Գրիգորյանի ազատության համար ցույց անողները փակել են Նալբանդյան փողոցը, այնտեղ նստացույց սկսել: Քիչ առաջ այդ փողոցում բախումներ եղան ցուցարարների ու ոստիկանների միջեւ, ընդհարման ժամանակ ԵԿՄ-ականները կոչ էին անում ձեռք չբարձրացնել ու չփորձել ուժով հեռացնել Արցախյան պատերազմի ազատամարտիկներին:

Ցուցարարների շարքում Մ. Գրիգորյանի մարտական ընկերներն են, ԵԿՄ անդամներ, նրա համաքաղաքացիները: Ցուցարարների շարքերում կան մարդիկ, որոնք նաեւ վանկարկումներ են անում Էջմիածնի քաղաքապետի՝ Մ. Գրիգորյանի որդու պաշտպանության համար, որի դեմ արդեն քանի օր բողոքի ցույցեր են ընթանում Էջմիածնում:

«Գեներալը հերոս է» վանկարկումներով Նալբանդյան փողոցում էին նաեւ «Պատանի Երկրապահներ» միության պատանիները, որոնց ոստիկանությունը փորձեց հեռացնել տարածքից, սակայն ցուցարարները բարձրախոսով հայտարարեցին, որ ոստիկանությունը ձեռք է բարձրացնում երեխաների վրա:

Ցուցարարները փոքր ժամանակ փակ պահելով Նալբանդյան փողոցը, այն ազատեցին ու սկսեցին քայլերթ՝ Երեւանի փողոցներով:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանները բողոքարկել են բոլոր որոշումները, դրանք համարում են անհիմն, իսկ ինքը գեներալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

www.armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: