05/27/2022

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ԲՆԱԳԻՐԸ ՆՈՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ԲՆԱԳԻՐԸ  ՆՈՐՈՎ  ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ  ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ


Պարոն Սարգսյա՛ն եւ պարոն Փաշինյա՛ն, նախ՝ շնորհավորում եմ հայ ժողովրդին ձերնախագահ ու վարչապետ դառնալու կապակցությամբ եւ մեր ժողովրդի սպասումներն իրականություն դարձնելու ճանապարհին՝ մաղթում ձեզ ամուր առողջություն:

Հարցը, որով դիմում եմ ձեզ՝ մեր պետական օրհներգին վերաբերող առաջարկություն է: Հայտնություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ գործող պետական օրհներգի տեքստը, մեր գրական լեզվի կայացման առաջին փուլի խրթին հայերենով շարադրված, հայ ժողովրդին՝ իր պետականությամբ ոգեշնչելու ընդամենը տարտամ ճիգեր պարունակող, մի ժամանակավրեպ եղերերգ է, որին տասնամյակներ ի վեր մեր ժողովուրդը «հարկադրված» պետական օրհներգ է անվանում: Միայն մեր պետության ու պետականության հանդեպ ունեցած ակնածանքն է պատճառը, որ ավելի խիստ որակումներից ինձ զերծ եմ պահում:

Գործող օրհներգը նորով փոխարինելու խնդիրը տարիներ առաջ Հայաստանի Հանրապետության կառավարության օրակարգում եղել է: Այդ հարցը կարգավորելու մտահոգությամբ իշխանությունները նույնիսկ մրցույթ էին հայտարարել, սակայն օրհներգի համար ներկայացված ոչ մի չափածո ստեղծագործություն «հաղթող» չի ճանաչվել:

Ասեմ, որ այդ մրցույթին ես մասնակցություն չեմ ունեցել, որեւէ բան գրելու փորձ անգամ չեմ արել. օրհներգիտեքստ գրելը՝ համարելով բացառիկ եւ բավականաչափ հանդուգն նախաձեռնություն, որովհետեւ նման պատասխանատվություն ստանձնելով՝ պիտի կարողանաս տարատեսակ խառնվածքներ ու նախասիրություններ ունեցող միլիոնավոր մարդկանց հարազատացնող, նրանց հոգիներում նվիրական զգացմունքներ արթնացնող խոսք հնչեցնել...

Բայց տարիներ անց՝ Մեծ եղեռնի հարյուրերորդ տարելիցին, թերթերիցմեկում հանդիպելով մեր պետական օրհներգի բնագրին ու վերստին զայրացնող զգացողություններով պարուրվելով՝ օրհներգի նոր տեքստ գրելու խնդիր դրեցի իմ առջեւ: Ու համարելով, որ Բարսեղ Կանաչյանի գրած ազգային օրհներգի երաժշտությունը, որպես հայոց պետականության խորհրդանիշ, վաղուց է հայ ժողովրդին հարազատացել՝ փորձեցի նույն երաժշտական չափի մեջ պետական օրհներգի կոչման հավակնող խոսք գրել:

Եվ ինձ հաջողվեց, տողերի որոշակի սահմանափակ ծավալ ենթադրող, օրհներգին բնորոշ սեղմության մեջ՝ ընդգրկուն եւ ավարտուն ասելիքով բանաստեղծական խոսք շարադրել: «Օրհներգ» վերնագրված այդ ստեղծագործությունն ընդգրկված է 2015թ. հրատարակված իմ «Անմահության համանվագ» ժողովածուի մեջ:

Իմ կողմից օրհներգի նոր բնագրի համար առաջարկվող այդ բանաստեղծական խոսքը ձեր ուշադրությանն եմ ներկայացնում՝ հույս ունենալով, որ այն կարժանանա ինչպես ձեր, այնպես էլ մեր ժողովրդի հավանությանը:

                       ՕՐՀՆԵՐԳ

 Դարե՜ր անպարտ, մեր հայրենի՛ք,

 Դու՝ ավետյաց մեր ոստան...

 Դու մեր հոգու սիրո հա՛մն ես,

 Մեր սուրբ Մայրն ես, Հայաստա՛ն...
                                               

 Փող փողացողքո դրոշը...

 Մեր սրտերու՛մ կրեցինք.

 Բազո՜ւմ դարեր մեր ողջ ազգի

 Երազներով օծեցինք...


 Եռագույնդ՝ հրաշագեղ,

 Խորհու՛րդն է մեր ինքնության...

 Թող մի՛շտ ցոլա քո դրոշը,

 Մեր պանծալի Հայաստա՛ն...


Ինձ թվում է՝ այս հակիրճ բանաստեղծական խոսքում ապրված եւ ամփոփ կերպով ներկայացված են մեր ազգային դարավոր լինելիությունն ամրագրող այն հիմնական գաղափարական ուղերձները, որոնք, ըստիս, պիտի որ հայ ժողովրդի պետական օրհներգի բնագրում ներկայացված լինեին:

Հայաստանի պետական օրհներգում, իմ կարծիքով, պիտի արձանագրված լինի աշխարհի ժողովուրդների երթին հազարամյակների խորքերից եկող մեր մշտառկա ներկայությունը.

Դարե՜ր անպարտ, մեր հայրենի՛ք,

Դու՝ ավետյաց մեր ոստան...

Մեր ժողովրդի օրհներգում, երեւի թե, պիտի նաեւ ակնարկ լինի այն մասին, թե ինչպիսի սրբազան խորհրուրդ է իր մեջ կրում մեզ համար հայրենիք հասկացությունը.

Դու մեր հոգու սիրո հա՛մն ես,

Մեր սուրբ Մայրն ես, Հայաստա՛ն...

Հայոց օրհներգի մեջ, անտարակույս, նաեւ պիտի ներկայացված լինի այն իրողությունը, թե քանի՜-քանի սերունդների երազներով գուրգուրված դարերի ճանապարհ անցնելուց հետո է վերստին իրականություն դարձել անկախ պետականություն ունենալու մեր բաղձանքը. 
                                 

Փող փող ացող քո դրոշը...

Մեր սրտերու՛մ կրեցինք.

Բազո՜ւմ դարեր մեր ողջ ազգի

Երազներով օծեցինք...

Ու վերջապես՝ օրհներգը, հայոց պետականությանն ուղղված բարեմաղթանք լինելուց զատ, պիտի կարողանա ներկայացնել մեր անկրկնելի ինքնությամբ ու պետականությամբ հիանալու ինքնաբավ հպարտության ոգեշունչ հրճվանքը նաեւ.

Եռագույնդ՝ հրաշագեղ,

Խորհու՛րդն է մեր ինքնության...

Թող մի՛շտ ցոլա քո դրոշը,

                              Մեր պանծալի Հայաստա՛ն...


Թող ամենեւին չստեղծվի այն տպավորությունը, թե նշված նկատառումները համառոտագրել եմ ու հետո դրանցով առաջնորդվելով շարադրել օրհներգի բնագիրը: Իրականում՝ այն երկնվել է, իսկ հիշյալ փաստարկները ենթագիտակցականի խորքերից ստեղծագործությունն արարելու պահին պարզապես ինձ ուղեկցել են:

Իմ կողմից առաջարկվող օրհներգի տարբերակում որոշակիորեն կարևորում եմ նաեւ այն իրողությունը, որ մեր ազգային ինքնության ու պետականության արժեւորմանը միտված, ոգեղեն հուզականությամբ շարադրված վերոնշյալ ուղերձները նոր բնագրի մեջ հնչում են բոլորի համար պարզ ու ընկալելի հայերենով:

Գուցե ոմանք առաջին տողում հնչող «Դարե՜ր անպարտ, մեր հայրենի՛ք,» հայտարարությունը փորձեն վիճարկել՝ վկայակոչելով մեր հայրենիքի դարերով նվաճված լինելու հանգամանքը: Հնչած հայտարարության ճշմարտացիությունը նման փաստարկով  կասկածի տակ առնելու ցանկություն ունեցող մարդկանց ընդամենը հետեւյալը կասեմ. եթե պետականությունից զրկված մեր ժողովրդի բիբլիական, անպարտելի ոգին մեր տարաբախտ գոյության բազմադարյա անլուր ոգորումներում մեզ մշտապես ուղեկցած չլիներ, ապա մենք այսօր պետություն չէինք ունենա: Հենց այդ անպարտելի ոգուց է վերակերտվել այսօրվա Հայաստանի Հանրապետությունը...

Մեծարգո պարոնայք, երեւի հասկանալի է, թե ինչու՞ եմ այս հարցով ձեզ դիմում: Եվ, այնուամենայնիվ, իմ այս քայլի խորքային պատճառը պարտավոր եմ բարձրաձայնել. դա այն է, որ թերահավատորեն եմ վերաբերվում հայաստանյան իրականության մեջ անցկացվող մրցույթների անկաշառությանը: Իսկ եթե այդ մրցույթներում անգամ չնչին դրամական մրցանակներ են նախատեսված լինում, ապա դրանցում գրանցված արդյունքների արդարացիությանը, կարելի է ասել, բացարձակապես չեմ հավատում:

Եթե բան է՝ իմ ցանկությունն իրականություն դառնա ու այս բանաստեղծական խոսքը ծառայի այն առաքելությանը, որի համար արարվել է, եւ Հայաստանի կառավարությունը դրամական ինչոր պարգեւավճարով փորձի երախտագիտություն հայտնել հեղինակին, ապա նախապես ասեմ, որ այդ մրցանակը թող փոխանցվի հայոց բանակին, որովհետեւ այս ստեղծագործությունը, անկախ նրա հետագա ճակատագիրց, ես վաղուց նվիրել եմ Հայաստանի Հանրապետությանը...

Խնդրում եմ ինչ-որ ձեւով ինձ տեղյակ պահեք, թե ի՞նչ ընթացք եք տվել կամ տալու իմ առաջարկությանը (հեռախոսներ՝ 099922122, 094447793, էլ. փոստ՝ [email protected]):

Սիրով եւ հարգանքով՝ 

Տիգրան Գրիգորյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: