Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում անցկացվեց քիք-բոքսի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանի հավաքականի կազմում Սյունիքի մարզի քիք բոքսի «Գարեգին Նժդեհ» ակումբը (մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Սարգսյան) պատասխանատու այդ մրցմանը մասնակցեց հինգ մարզիկով, ընդ որում՝ Նոյ Անտոնյանն արժանացավ արծաթե, Վաչե Գյուլբուդաղյանը եւ Էրիկ Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալի: Ակումբի մարզչի կարծիքով՝ իր սաները ֆիզիկապես եւ տակտիկապես լավ էին պատրաստվել մրցմանը, իրենք էլ ոսկի մեդալ նվաճելու հաստատակամությամբ էին մեկնել մրցավայր, բայց միշտ ինչ-որ բան խանգարում է մեր մարզիկներին բարձրանալ պատվո պատվանդանի ամենավերին հարթակ եւ հնչեցնել տալ մեր հանրապետության օրհներգը:
Երկրորդ մրցանակակիր Նոյ Անտոնյանը եզրափակչում զիջել է դաղստանցի մրցակցին: Ասում է, որ թույլ տված սխալները կշտկի հաջորդ պատասխանատու մրցումից առաջ: Արայիկ Սարգսյանն էլ հավելում է, որ վերջնական հաղթանակին հասնելու համար խոչընդոտում են եւ՛ մրցավարների կողմնակալությունը, եւ՛ իր սաների հոգեբանական ցածր պատրաստվածությունը: Բացի այդ հովանավոր չլինելու պատճառով բաց թողեցին Եվրոպայի առաջնությունը, ինչը հոգեբանորեն ազդեց եւ՛ մարզչի, եւ՛ նրա սաների վրա: Մինչ այդ պատրաստվում են մասնակցելու մարզաձեւի աշխարհի առաջնությանը, որ կայանալու է սեպտեմբերին: Լիահույս է մարզիչը, որ կարեւոր այդ մրցմանն օժանդակողներ կգտնվեն, իրենք էլ կձգտեն բարձր պահել հանրապետության եւ Սյունիքի մարզի պատիվը:
ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ