01/26/2025

Ավանդույթը չխախտվեց

Ավանդույթը չխախտվեց

Կապանի երաժշտասեր հասարակությունը հունիսի 15-ին ներկա գտնվեց  Կապանի արվեստի պետական  քոլեջի դասախոս Լիաննա Մելիք-Ստեփանյանի մենահամերգին,  որ տեղի ունեցավ Ա.Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Առաջին մենահամերգը դաշնակահարուհին ունեցել է 20 տարի առաջ` 1998 թվականին, երբ սովորում էր Կապանի թիվ 1 երաժշտական դպրոցի ավարտական դասարանում: Դեռեւս այդ ժամանակ բարդ ծրագրով էր ներկայացել հանդիսականին` դաշնամուրային կատարողական արվեստում խոսք ասելու հայտ ներկայացնելով:

-Տասը տարուց ավելի է, ինչ պարբերաբար հանդես եմ գալիս կապանցի հանդիսատեսի առջեւ, եւ կարծես տարիների ընթացքում ձեւավորվել է ունկնդիրներիս շրջանակը: Պարզապես պարտավորված եմ զգում իմ հանդիսականի համար ելույթ ունենալ: Այս տարի խորագիր չունի իմ  համերգը: Պատահել է, որ այն նվիրված է եղել նշանավոր մարդկանց կամ իրադարձությունների: Այս անգամ էլ ցանկացա պահպանել իմ՝ հանդիսականին հանդիպելու ավանդույթը, քանզի դասական երաժշտությունը հարգի է Կապանում, եւ այդ երաժշտության կոլորիտը պահպանելու խնդիր կա մեզանում, -մենահամերգից առաջ «Սյունյաց երկրին» ասաց դաշնակահարուհին:

Այս անգամվա համերգային ծրագիրը եւս հարուստ էր ` Էնրիկե Լեկուոնա, Ֆիլիպ Գլաս, Իսահակ Ալբենիս, Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Ռախմանինով: Դաշնակարուհին բարձր վարպետությամբ մատուցեց նշված կոմպոզիտորների ստեղծագործությունները: Թերեւս նորություն էր նրա հնչեցրած կոմիտասյան երգերի դաշնամուրային մշակումները: Հանդիսականը ջերմ ծափողջույններով  ու ծաղիկներով վարձահատույց եղավ դաշնակահարուհուն՝ բարձրակարգ կատարման համար:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: