05/28/2022

...ԵՎ ՈԳԻՆ ԱՅԴ ԱՐՅԱՆ ՎՐԵԺ Է, ՑԱՍՈՒՄ ՈՒ ՊԱՏԳԱՄ

...ԵՎ ՈԳԻՆ ԱՅԴ ԱՐՅԱՆ ՎՐԵԺ Է, ՑԱՍՈՒՄ ՈՒ ՊԱՏԳԱՄ

   Հեռու-հեռավոր Շահումյանի շրջանի  Թոդան գյուղում, ուր հիմա թուրքն է բնակվում, արշալույսները, այո, չզարմանաք, հայերեն են բացվում: Հայի սաղմոս ու աղոթք է հնչում, որովհետեւ  մեր հերոս տղերքի ոգին արթուն է այնտեղ, անմեռ,  ու ոգին է այդ սաղմոս ու աղոթք  հնչեցնում: Ու ոգին այդ պատգամ ունի՝ սա հայի հողն է, լավ հիշեք: Եվ ասում է նաեւ Համլետ Մինասյանն իր որդիներին, իր երկու թոռանը, բոլոր հայորդիներին ու նրանց թոռ-ծոռներին...

              *** 

Համլետ Մինասյանը Գորիսի տարածաշրջանի Հարժիս գյուղում չի ծնվել, Հարժիսում չի մեծացել, այդ գյուղի փողոցներում չի չափչփել եւ ոչ էլ ձին թամբած՝ սլացել գյուղի հանդ ու դաշտերում: Նրա արմատներն են այդտեղ:  Հայրը  Հարժիսում  է ծնվել-մեծացել, եւ ամեն պահի նրա ականջին է հասել արմատների կանչը՝ ձգող-կանչող-ապրեցնող: Ու երբ զգացել է, որ հայրենիքում արշալուսներն արնածոր են… Արմատները ձգել-կանչել-բերել են Հայաստան: Եկել է, որ իր զարկն ունենա Արցախյան հերոսամարտում: 

Համլետը զինվորական էր: 1975 թ. ավարտելով Երեւանի թիվ 62  դպրոցը՝ գերազանց գնահատականներով, ընդունվում է  Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկի բարձրագույն զինվորական ինժեներական  ուսումնարանը, այնուհետեւ լեյտենանտի կոչումով ծառայությունը շարունակում նախկին ԽՍՀՄ տարբեր վայրերում: Երբ սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը, Համլետն այդ ժամանակ Պետրոպավլովսկ-Կամչատկայից արդեն վերադարձել էր: 

 - Համլետը սակրավոր էր, բայց ոչ սովորական սակրավոր: Նա իր քաշով մեկ ոսկի էր, Համլետն անգին էր, նրա չափը  հնարավոր չէր գնահատել, այնպիսի սանդղակ ու թիվ չկային, որ տային նրա գնահատականը:

- Համլետին այսպես է ներկայացնում ռազմական պատմաբան  Ռաֆայել Թադեւոսյանը:

 Ու պատմում է Համլետ Մինասյանի կյանքի վերջին օրվա մասին:

- Թոդան գյուղի համար թեժ մարտեր էին ընթանում: Մեր մի բուռ տղերքը կռվի մեջ էին մտել 350-400 հոգանոց թուրք օմօնականների դեմ: Իսկ Թոդանը ռազմավարական նշանակություն  ուներ երկու կողմի համար: Այստեղ էր նաեւ Համլետը: Նա ավտոմատը վերցրեց եւ առաջ ընկավ, թեեւ սակրավոր էր ու հետախույզ: Նրան բացատրեցին-աղաչեցին, որ չգնա առաջին գիծ: Ախր նա անփոխարինելի էր իր մասնագիտության մեջ, նրա նման 2-րդը դարձյալ ինքն էր: Բայց անդրդվելի էր: Գնաց… Ու մենք կորցրինք բարձրակարգ սակրավորին: 

Նրա նման սակրավորներ քիչ են ծնվում, նրա նման սակրավոր հերոսներ հազվադեպ են ծնվում… 

Շահումյանի շրջանի Թոդան գյուղը կարեւոր հենակետ էր: Իսկ մինչ այդ... 1991թ. դեկտեմբերի 4-ին Համլետ Մինասյանն Իջեւանից  հետ է կանչվում եւ դեկտեմբերի 6-ին գործուղվում «Հատուկ շրջան»՝  գտնվելով Լեռնային Ղարաբաղի Շահումյանի միասնական ջոկատների հրամանատարության տրամադրության տակ: Դեկտեմբերի 10-ին ազատամարտիկները՝ Շահեն Մեղրյանի գլխավորությամբ, սկսում են հարձակողական մարտերն՝ Էրքեջ եւ Թոդան գյուղերի  ազատագրության համար, որից  հետո հնարավոր դարձավ շարունակել մարտերը Մանաշիդ-Բուզլուխ եւ Կամո-Ազատ գյուղերի ուղղություններով:

 Սակրավորի այդ տեսակն այն օրերին հայկական ուժերին օդի, ջրի նման անհրաժեշտ էր: Նրանցից որեւէ մեկի կորուստը  մարտի  ելքի  վրա էական ազդեցությունն էր թողնում: Ահա ինչու անչափ թանկ էր Համլետը բոլորի համար:

- Ես գյումրեցի եմ, մեզ մոտ մարդուն պատվելու, շնորհակալություն հայտնելու ամենասուրբ ձեւը խոնարհվելն է: Ես խոնարհվում եմ Համլետ Մինասյանի ծնողների առջեւ: Կեցցե Համլետը, ով զոհվեց Արցախի ազատագրության համար,- ասում է   Ռաֆայել Թադեւոսյանը: 

Համլետի հայրը՝ Լալազար Մինասյանը, ով ապրում է Երեւանում, հունիսի 8-ին Հարժիս էր եկել մասնակցելու   որդու անունը կրող դպրոցում  որդու ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառմանը: Այդտեղ էին նաեւ հյուրեր Երեւանից, զորականներ, Համլետի մարտական ընկերներից, դպրոցի մանկավարժական ու աշակերտական կոլեկտիվները:     

 -Համլետն օջախիս միակ որդին էր: Երբ Ռուսաստանից եկավ, ասացի՝ Համլետ, հիմա կան մարդիկ, որ թողնում-գնում են Հայաստանից, իսկ դու եկել ես այստեղ, ինչո՞ւ,   հետ դարձիր: Նա ասաց՝ հայրիկ, վախկոտներն են գնում, բացի դրանից, իմ մասնագիտության կարիքը Հայաստանում շատ է զգացվում: Ես պետք եմ իմ հայրենիքին… Եվ մնաց:  Թոդան գնալուց առաջ եկավ մեզ տեսնելու: Երկար նայեց բոլորիս ու գնաց: Էլ չվերադարձավ…

 Լալազար Մինասյանը,  ով արդեն 80-ն անց մարդ է, չկուչուռեց ցավի տակ, ընդհակառակը, ձեռնոց նետեց  անողոք ճակատագրին. ախր Համլետը զավակներ ունի, նրանք  պիտի մեծանան, ախր Համլետի հիշատակի առջեւ պարտք ունի ինքը:  Ու, բացի դրանից, Համլետը չի ների իրեն: Երեւանի թիվ 62 դպրոցում, ուր սովորել է  Համլետը, իրենց հերոս շրջանավարտին հիշում են: Հաճախ է հայրը գնում դպրոց՝ ասես աշակերտների մեջ իր որդուն փնտրելու, Համլետի կարոտը նաեւ աշակերտներից առնելու: Իսկ դպրոցում սպասված ու ցանկալի հյուր է նա… 

Համլետ Մինասյանի կիսանդրին դրված է «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում:  

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանն էլ շատ բան ունի պատմելու Համլետի մասին:

-Սպարապետ Վազգեն Սարգսյանն  արտասվում էր Համլետի կորստյան համար: 1993-ին հանդիպելով Համլետի հորը, նա շատ հուզվեց: Սովորական հուզմունք չէր, դա գնահատական էր Համլետի  խիզախությանը եւ արիությանը: Վազգեն Սարգսյանն ընդառաջ գնաց գյուղի  եւ դպրոցի ցանկությանն ու տվեց իր համաձայնությունը՝ դպրոցը կոչելու Համլետի անունով: 

Պատմությունը սովորաբար ժամանակի ընթացքում վերանայվում է, սրբագրվում: Բայց կան իրադարձություններ, որ չեն սրբագրվում: Եվ ինչպես Ավարայրի հերոսամարտը, այնպես էլ Արցախյան գոյապայքարը երբեք չեն մոռացվի:  Եվ մեր տղաների սխրագործությունները երբեք մոռացության փոշիով չեն ծածկվի: Այդ տղաներն անմահ են: Եվ նրանք կապրեն այնքան, որքան կապրեն  նրանց մասին հիշողությունները: Դրա համար էլ Հարժիսի միջնակարգ դպրոցը կոչվեց Համլետ Մինասյանի անունով: Համլետը Վազգեն Սարգսյանի հրամանով գնաց Շահումյան, Շահեն Մեղրյանն էր խնդրել: Գնաց Համլետը եւ համալրեց անմահների շարքը…  

- Համլետ Մինասյանի կենսագրությունը վարքականոն է մեր դպրոցի աշակերտների, հատկապես  տղաների համար: Նրանք օրինակելիորեն են ծառայում հայոց բանակում, -ասում է դպրոցի տնօրեն Նորայր Եսայանը,- նրանք  լավ  են ծառայում՝ այդկերպ  արտահայտելով իրենց հարգանքը Համլետ Մինասյանի հանդեպ, իրենց պատասխանատվությունը Համլետի հանդեպ:

 Գյուղի դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Արշալույս Մանուցյանը կարծում է, որ հերոս են նաեւ Համլետի ծնողները:  Իր ելույթում նա ասաց.

- Կան մեզնից հավերժ բաժանվածներ, ովքեր ներկա են մեր սրտերի մեջ, որոնց հիշում ենք մեծ երախտագիտությամբ, հարգանքով ու սիրով, խոնարհումով:

Այդպիսի անմահներից է Լալազար Մինասյանի որդին՝ Համլետ Մինասյանը՝ Արցախյան ազատամարտի հերոսը, ում անունը, արդեն քանի˜ տարի, կրում է Հարժիսի միջնակարգ դպրոցը:

Իմ հիշողությունն այս պահին տանում- հասցնում է 1993-ի գարնանային մի պայծառ առավոտ: Այնքան լավ եմ հիշում. դպրոցի անվանակոչության օրն էր: Տիրում էր եռուզեռ: Դպրոցի բակում հավաքվել էր հոծ բազմություն: Ներկա էին ոչ միայն ուսուցիչները, աշակերտությունը, այլ նաեւ Հարժիսի բնակչությունը, Երեւանում բնակվող մեր համագյուղացիներից շատերը, զինվորական համազգեստով բարձրաստիճան պաշտոնյաներ ու բազում հյուրեր: Բոլորիս ուշադրության կենտրոնում Համլետի ծնողներն էին. չէ՞ որ զենք բռնեց ու Արցախ գնաց նրանց քաջակորով որդին: Զենք բռնեց ու հիացավ Արցախով, նրա արդար ու անվեհեր մարդկանցով: Ձուլվեց նրանց ու նվիրեց անմնացորդ կանաչ մի կյանք՝ Համլետ անունով: 

Նրա շուրթերը բարբառում էին հայրենաշունչ խոսքեր.

Իմ հա՛յ ժողովուրդ, քո հողին մեռնեմ,

Արցախ հայություն, քո ջրին մատաղ,

Հայաստան,Արցախ միացած տեսնեմ,

Աշխարհում էլ դարդ համարյա չունեմ:

Ավա˜ղ, անկատար մնացին երիտասարդ Համլետի իղձերը: Ինչպես բոլոր մարտերում, Թոդանի մարտում եւս նա առաջնորդվեց մահ իմացյալ հավատամքով ու անմահանալով՝ դարձավ հավերժի ճամփորդ:

Նա չհասավ մինչեւ Շուշի ,

Հոգին հասավ մինչեւ Շուշի,

Կամուրջ դարձավ Գորիս-Շուշի,

Որ զավակները մեր սյունեցի

Ճամփա բռնեն մինչեւ Շուշի…

Բայց գիտե՞ք, Համլետն ունենալով ստեղծագործական ձիրք, չափածո խոսքով պատգամ է հղել բոլորիս.

Ու եթե ընկնեմ հանուն Արցախի,

Շաղ չտաք շիրմիս ծաղիկներ ու լաց:

Տղե՛րք, ջնջեցեք թշնամուն վայրագ,

Որ հայոց հողում ես ընկնեմ վայրագ,

Որ հայոց հողում ես ննջեմ խաղաղ:

Թե խաղաղ է նրա նինջը, դժվարանում եմ ասել, բայց մի բան պարզ է, ծաղկափթիթ հասակի տեր մարտիկը պահանջում է մեզնից չտխրել, չարցունքոտվել, այլ շարունակել ապրել ու ապրել, ապրել կենսախինդ կյանքով: Եվ, ո՛վ զարմանք, այս պատգամն առաջինն ասաց Համլետի վշտամորմոք հայրը՝ Լալազար Մինասյանը: Նա որոշեց ապրել՝ վշտերից ծանրագույնը քողարկելով իր փշրված սրտի գաղտնարաններում, որոշեց ապրել, համառորեն ապրել՝ ապրելու տենչը հսկա բեռ դարձրած, որոշեց ապրել՝ դրանով ապրեցնելով սիրասուն մինուճար որդուն:

 Հարգարժան Լալազար Մինասյան, ես հարգանք ու ակնածանք եմ տածում Ձեր հանդեպ:  Ինձ համար Դուք ոչ միայն հերոսի հայր եք, այլ նաեւ հերոս հայր: Դուք Ձեր հերոսությամբ՝ Ձեր ապրելու անկոտրում կամքով, երբե՛ք, երբեք բացակա չեք դրել Ձեր որդուն: Արդեն 25 տարի է՝ 93-ից ցայսօր, նա ներկա է եւ՛ Ձեզ, եւ՛ մեզ համար: Ներկա է նաեւ այսօր՝ 2018թ. հունիսի 8-ին՝ իր ծննդյան տարեդարձին:

Ուստի՝ սրտանց շնորհավորում եմ Ձեր որդու՝ Համլետ Մինասյանի ծննդյան 60-ամյակը:  Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ  Սիմոնյանը, Լալազար Մինասյանի կինը՝ տիկին Մառլենան, մարտական ընկեր, գնդապետ Արայիկ Մուրադյանը: Միջոցառման ժամանակ գյուղի դպրոցն արժանացավ պատվոգրի՝ Հայաստանի ԴՕՍԱԱՖ համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ պաշտպանունակության ամրապնդման, երիտասարդության մարզական եւ ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի համար: Պատվոգիրը ստորագրել է  կազմակերպության նախագահ Արկադի Թադեւոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը:

  Համլետ Մինասյանի ծննդյան 60-ամյակի  միջոցառմանը  շուք հաղորդեց  դպրոցի ուսուցչուհի    Գայանե Շափաղաթյանի կազմակերպած  գրական-երաժշտական  ցերեկույթը, աշակերտները երգով-պարով-արտասանությամբ ներկայացրին Համլետի կյանքը: Ի դեպ, Գորիսի  Գ.Աշոտի անունը կրող մշակույթի տան ֆոնդերի պահպանման եւ կոմպլեկտավորման բաժինը  Հ. Մինասյանի ծննդյան 60-ամյակի առթիվ ընթերցողներին ներկայացրել է    նրա մասին պատմող գիրքը:     

Համլետ Մինասյանը ոչ միայն բարձրակարգ զինվորական էր, նաեւ ստեղծագործում էր, գրում էր բանաստեղծություններ, դրանցից մի քանիսը զետեղված են նրա մասին գրված գրքում:  Համլետը նաեւ  լավ նկարում էր ու նա նաեւ...

-Լավ խոհարար էր, -ասում է Համլետի ազգականներից Մանուշակ Ալեքսանյանը,- մի օր եկավ մեր տուն, ես ձուկ էի  ուզում տապակել: Ասաց՝ թույլ տուր իմ ձեւով ձուկը տապակել, կարելի՞ է: Եվ տապակեց: Մենք սովորաբար  ձկան կտորները թաթախում ենք ալյուրի մեջ, հետո տապակում: Նա այդպես չարեց, ձկան կտորները ձվի մեջ թաթախեց, հետո տապակեց: Այնքան համով -հոտով էր ստացվել… 

Եվ կրկին հուշեր-հուշեր… Եվ ամեն մի հուշ ասես լրացնում-ամբողջական է դարձնում Համլետի կերպարը:

                                   *** 

Հեռու- հեռավոր Շահումյանի շրջանի Թոդան գյուղում  արշալույսները հայերեն են բացվում,  հայի սաղմոս է,  հայի աղոթք, թեեւ թուրքն է հիմա այնտեղ ապրում: Հայոց հերոսների անմահ  ոգին է աղոթքի «հեղինակը»: Եվ ոգին այդ արյան վրեժ է, ցասում: Եվ ոգին այդ Թոդանից ասում է՝ այս հողն իր  իսկական տերն ունի, լսու՞մ եք : Տերը կգա…

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: