01/27/2025

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը կոտրում է անհնարինի սահմանն ու ընդլայնում հնարավորի շրջանակը. Փաշինյան

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը կոտրում է անհնարինի սահմանն ու ընդլայնում հնարավորի շրջանակը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գործունեության երկու կարեւոր ուղղություններն է համարում կոռուպցիայի դեմ պայքարն ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը: Այս մասին վարչապետը հայտարարեց «Սինոփսիս Արմենիա» ընկերություն այցի ընթացքում, որին ներկա էին նաեւ ընկերության աշխատակիցները: Նախ` Փաշինյանը կատակեց, որ առաջին անգամն է այդ երիտասարդների հետ գտնվում գրասենյակային տարածքում, նրանք միշտ համատեղ գտնվել են նույն փողոցում կամ հրապարակում: «Կարծում եմ՝ սա խորհրդանշական փոփոխություն է մեր հարաբերություններում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը՝ արժանանալով ներկաների ծափերին:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կոտրում է անհնարինի սահմանն ու ընդլայնում հնարավորի շրջանակը: «Ես այսպիսի խորհրդանշական պատկեր ունեմ իմ մտքում: Եթե իմ տեսադաշտում գտնվող որեւէ մեկի բարեկեցության մակարդակը աճում է, սովորաբար դա կապված է երկու դեպքի հետ. կամ այդ մարդը ներգրավված է կոռուպցիայի մեջ, կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Դրա համար էլ իմ գործունեության երկու ամենակարեւոր ուղղություններն ու ուշադրությունը կենտրոնացած են կոռուպցիայի ու բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրների վրա: Առաջին դեպքում՝ մտայնությունն այն է, թե անհնար է, միեւնույն է՝ ոչինչ չի փոխվի, որեւէ հույս չկա: Երկրորդ խորհրդանիշն ասում է, որ անհնար ոչինչ չկա: Դրա համար էլ մենք  կարեւորում ենք բարձր տեխնոլոգիաները, քանի որ դա ընդլայնում է հնարավորի սահմանը»,-նշեց վարչապետը: Նրա դիտարկմամբ՝ գուցե այսօր էլ շատ մարդկանց համար կան անհնարին թվացող երեւույթներ, որոնք այս ոլորտի մասնագետները հնարավոր կդարձնեն 5 -10 տարի հետո: 

Նիկոլ Փաշինյանը խոսեց արտագաղթի մասին, բայց ոչ երկիրը լքելու, այլ հին իրականությունից նոր իրականություն արտագաղթելու մասին: Նրա խոսքով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները հենց դրա առաջամարտիկն են: «Պետք է Հայաստանը լքելու արտագաղթը փոխարինենք Հայաստանի ներսում մի իրականությունից մյուսը տեղափոխվելու արտագաղթով: Այս իմաստով կրթության մասին խոսակցությունն ամենակարեւորն է: Կրթությունը միայն գիտելիքի ձեռքբերումը չէ, իհարկե, դա կրթության կարեւոր բաղադրիչն է, բայց ամեն ինչ սկսած՝ վարվեցողությունից, մինչեւ երկու մարդու միջեւ հարաբերություններ, կրթական հարցեր են»,-շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: