01/13/2025

Աշոտ Հովհաննիսյանի պատասխան խոսքը. ««Բելազ Կավկազ Տրանս Սերվիս» ՍՊԸ սեփականատերը Եվգենի Վասիլեւիչ Կեդան է»

Աշոտ Հովհաննիսյանի պատասխան խոսքը. ««Բելազ Կավկազ Տրանս Սերվիս» ՍՊԸ սեփականատերը Եվգենի Վասիլեւիչ Կեդան է»

Հունիսի 20-ին www.syuniacyerkir.am կայքում հրապարակվել է հոդված՝ «Աղվան Հովսեփյանի որդին Վահեի գլխավորած մասնավոր հիմնադրամին նվիրաբերել է 51 մլն դրամ, ինչու՞»: 

Հոդվածում նշվել է, որ «Հիմնադրամին 1մլն դրամ է նվիրաբերել «Բելազ Կավկազ Տրանս Սերվիս» ՍՊԸ-ն, որ…  պատկանում է Միսակ Հովսեփյանին»: 

Գրվել է նաեւ՝ «Ըստ Քաջարանից ստացված տեղեկությունների՝ այդ ՍՊԸ-ն է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ին մատակարարում «Բելազ»-ի եւ այլ մեքենաների անվադողեր…»:

….Հունիսի 20-ի օրվա վերջին թերթի խմբագրին է զանգահարել մի անձնավորություն եւ ներկայացել՝ Աշոտ Հովհաննիսյան, «Բելազ Կավկազ Տրանս Սերվիս» ՍՊԸ տնօրեն:

Նա հաղորդել է, թե «Բելազ Կավկազ Տրանս Սերվիս» ՍՊԸ-ն կապ չունի Միսակ Հովսեփյանի հետ, այդ ընկերության սեփականատերն է Բելառուսի քաղաքացի Եվգենի Վասիլեւիչ Կեդան:

«Բելազ Կավկազ Տրանս Սերվիս» ՍՊԸ-ն «Բելազ»-ի ներկայացուցիչն է Հայաստանում, գործընկերային կապերի մեջ է Քաջարանի կոմբինատի հետ, կոմբինատին է մատակարարում «Բելազ»-ի պահեստամասեր, նաեւ «Բելազ» ավտոմեքենաներ:

Իսկ թե ո՞ր ընկերությունն է «Բելազ»-ի ավտոդողեր մատակարարում Զանգեզուրի ՊՄԿ-ին, ինքը չի կարող ասել:

Աշոտ Հովհաննիսյանը հաստատեց, որ իրենց ՍՊԸ-ն իրոք 2016-ին 1 մլն դրամ է հատկացրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին:

Հ.Գ.1

Խմբագրությունն ի գիտություն է ընդունում այդ հայտարարությունը, ինչը նշանակում է, որ Միսակ Հովսեփյանը Վահեի գլխավորած մասնավոր հիմնադրամին վճարել է ոչ թե 51, այլ 50 մլն դրամ: Իսկ թե ինչպե՞ս է կոչվում Միսակ Հովսեփյանի ՍՊԸ-ն, որ «Բելազ»-ի ավտոդողեր է մատակարարում Քաջարանի կոմբինատին, կճշտենք եւ կներկայացնենք ընթերցողներին:

Հ.Գ.2 

«Բելազ Կավկազ Տրանս Սերվիս» ՍՊԸ-ն Վահեի գլխավորած մասնավոր հիմնադրամին 2017-ին տվել է 24.8 մլն դրամ:

Վահեի հանդեպ այդ առատաձեռնությունը, կարծում ենք, անկեղծ է եւ ոչնչով պայմանավորված չէ: Միայն մի բան՝ այդ ամենը Սյունիքի մարզի հետ որեւէ կապ չունի:

 «Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: